ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի մոտ Վերահսկիչ պալատի հաշվետվությանը և դրա շուրջ մի քանի օր շարունակ կազմակերպված քննարկումները (ըստ Ն. Զոհրաբյանի՝ այսպես կոչված, բուռն քննարկումները) հիշեցնում են հայտնի անեկդոտը, «Որ բոլորդ սուրբ եք, բա եկեղեցու խաչը ո՞վ գողացավ»։

«Անկեղծ ասած՝ մեծ էր գայթակղությունը, որ ես ելույթ ունենայի ու հարցնեի՝ այդ նոր իմացա՞ք, որ բյուջեն թալանվում է, այդ նոր իմացա՞ք, որ երկրում «ատկատը» դարձել է քաղաքական մշակույթի ամենակիրառական բառը։ Սակայն որոշեցի չներքաշվել այդ «ռեալիթի» քննարկումների մեջ։ Լսելով հատկապես մեծամասնության ներկայացուցիչների որոշ ելույթներ, տպավորություն ստացա, որ երևի թե ինքնախարազանումը ինչ-որ հատուկ «դրայվ» է տալիս, բայց ոչ մազոխիզմի հասնող, ինչի ականատեսը եղանք»,- Tert.am-ին իր ստացած տպավորությունները նման պատկերավոր կերպով ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ-ական պատգամավորը անազնիվ ու անգամ՝ կոմսոմոլական է համարում ՎՊ քննարկումների շուրջ որոշ հանրապետական պատգամավորների ելույթները: «Անգամ որոշ հարցեր ու ելույթներ կորակեի մանկապատանեկան: Օրինակ՝ «Իսկ Դուք ինչպե՞ս կգնահատեք Ձեր իսկ աշխատանքը», կամ «Իսկ ի՞նչ անել, որ բյուջեն չթալանվի», ելույթները, որոնք ուղղակի անչափ զվարճալի էին»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը, ում հարցրել էինք, թե ո՞րն է Վերահսկիչ Պալատի հաշվետվության շուրջ նման ակտիվության ու անգամ՝ ՀՀԿ-ական ու ՕԵԿ-ական պատգամավորների կողմից տրվող պետական թալանի ու գանձագողության մասին բնորոշումների պատճառը:

Նաիրա Զոհրաբյանը չհամաձայնեց դիտարկման հետ, որ խիստ տարօրինակ էր ԲՀԿ-ի համառ լռությունը, ինչը տարատեսակ մեկնաբանությունների առիթ է դարձել։ «Կրկին պիտի նշեմ, որ հատուկ ծրագրավորված և հրահանգված պասիվություն չկա։ Այն պատգամավորները, ովքեր ցանկանում են այս կամ այն հարցի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնել, հայտնում են։ Չգիտեմ, թե ի՞նչ որակի ելույթներ եք ակնկալում իմ գործընկերներից, սակայն տեսակետ և կարծիք մեր կողմից մշտապես հնչում է»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր մի քանի պատգամավորներ առաջարկեցին Վերահսկիչ Պալատին տալ առավել գործուն մեխանիզմներ՝ պետական բյուջեի թալանը կանխելու համար։

Դա, ըստ Նաիրա Զոհրաբյանի, որևէ հարց չի կարող լուծել, քանի որ ասաց. «Ես հարգում եմ իմ այն գործընկերներին, ովքեր իրապես մտահոգ են այս հարցում, սակայն եթե անգամ Վերահսկիչ Պալատին տանք գանձագողերին գնդակահարելու իրավունք, հարցը չի լուծվելու։ Եվ որևէ օրենսդրական փոփոխություն որևէ հարց չի լուծելու։ Իմպերատիվ կերպով Վերահսկիչի բոլոր հաշվետվությունները դատախազություն ուղարկելը ևս ոչինչ չի տալու»:

ԲՀԿ քարտուղարի ձևակերպմամբ՝ հարցի գինը մեկն է՝ կա՞ երկրում քաղաքական կամք՝ թալանն ու գանձագողությունը կանխելու համար, թե չկա։ Այլ հարց իրականում գոյություն չունի։

Անդրադառնալով օֆշորային սկանդալին՝ Նաիրա Զոհրաբյանն արձանագրեց, որ այսօր այդ սկանդալի մասնակիցներից մեկը՝ Աշոտ Սուքիասյանը, հայտարարություն է տարածել՝ ասելով, որ ինքն է վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անունով գրանցել օֆշորային կազմակերպություն, սակայն նշեց, որ այդ հայտարարությունը բացարձակապես հավաստի չի հնչում։

«Անկեղծ ասած՝ ինձ թվում էր, որ կփորձեն ավելի հնարամիտ լուծումներ գտնել, սակայն ընտրեցին ամենապրիմիտիվ սցենարը։ Իրենց գործն է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:Գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն ունի ռուսամետ արտաքին քաղաքական կողմնորոշում ունեցողի համարում, և արդյոք ԲՀԿ-ի պասիվությունը կապված չէ արտաքին քաղաքական ազդակների հետ։

Մասնավորապես՝ աշնանը Հայաստան-ԵՄ ասոցացման պայմանագրի ստորագրման ֆոնին՝ ՌԴ-ի կողմից Եվրասիական միությանն անդամակցելու ճնշմամբ։ Այս հարցին ի պատասխան, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ դավադրությունների տեսության կողմնակից չէ և չգիտի՝ ի՞նչն է հիմք տալիս նման եզրակացություն անելու։

«ԲՀԿ-ի համար կա մեկ շահ՝ դա մեր երկրի շահն է։ Մնացյալ խոսակցությունները ժողովրդական բանահյուսության ժանրից են։ Ես չէի ասի, թե Հայաստանի առանցքային մնացյալ քաղաքական ուժերը ընդգծված արևմտամետ, եվրոպամետ են, անկախ նրանից, թե Մարթենսն (նկատի ունի Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսին) իրենց օրը քանի անգամ կգովի, ու իրենք ԵԺԿ համագումարին ամիսը քանի անգամ կմասնակցեն»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է խորհրդարանում Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ աշնանը կուսակցական վերադասավորումներ են լինելու, և արդյոք դա նշանակում է, որ ԲՀԿ-ն վերջապես կհստակեցնի իր տեղը քաղաքական դաշտում, ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց, թե ԲՀԿ-ի տեղը քաղաքական դաշտում միշտ էլ հստակ է եղել, և եթե ոմանք այդ տեղը չեն տեսնում, ապա դա իրենց խնդիրը չէ։

«Իսկ աշնանը, այո, ինչպես նշեց Գագիկ Ծառուկյանը, կլինեն որոշակի վերադասավորումներ։ Այն կուսակցությունը, որը կասի, թե ինքը ներքին բարեփոխումների խնդիր չունի, դա վստահաբար լուրջ կուսակցություն համարվել չի կարող»,- նկատեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել