Այս օրերին լրահոսում պարբերաբար ու տարբեր մեկնաբանություններով շրջանառվում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին խոշորածավալ ռազմական տեխնիկա վաճառելու մասին տեղեկատվությունը։ 
Հակիրճ հիշեցնենք. խոսքը, տարբեր գնահատականներով, 1 միլիարդ դոլար գնահատվող գործարքի մասին է։ Ըստ այդմ՝ Ռուսաստանն Ադրբեջանին է մատակարարելու 64 հատ T-90C տանկ, 100 միավոր ԲՄՊ-3 հետեւակի մարտական մեքենա, հրթիռային «Մստա-C» եւ «Վենա» ինքնագնաց հրետանային համակարգեր, ինչպես նաեւ 18 միավոր «Սմերչ» հրթիռային համակարգեր եւ այլն: 

Ի դեպ, ադրբեջանական իշխանությունները, թերեւս նաեւ ներքաղաքական ինչ-ինչ խնդիրներից ելնելով կամ ընտրություններին ընդառաջ, որոշել են «խաղացնել» մկաններն ու հունիսի 26-ին նախատեսում են ունեցած սպառազինության զորահանդես անցկացնել։
Դե ինչ, ալիեւյան կլանը շարունակում է ինտենսիվ սպառազինվել, հասկանալի է, թե հատկապես ինչ նպատակներ մտմտալով։ Տվյալ պարագայում միայն անհույս միամիտը կարող է մտածել, թե այդ զենքն ուղղվելու է ուրիշ մեկի, այլ ոչ թե Արցախի ու Հայաստանի դեմ։ 
Ի լրումն այդ ամենի, չի կարող չմտահոգել այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը սպառազինվում է մեր պետության ռազմավարական դաշնակիցը համարվող Ռուսաստանի միջոցով։ Ճիշտ է, դրա համար Բաքուն 1 միլիարդի հասնող նավթադոլարներ է ծախսել, բայց՝ ամեն դեպքում։ 
Հասկանալի է, իհարկե, որ նույն կամ դրանց համարժեք զինատեսակներ կան նաեւ հայկական զինված ուժերի սպառազինության մեջ։ Հասկանալի է, որ Հայաստանին եւս նույն զինատեսակներից նույն Ռուսաստանը մատակարարում է։ Նմանապես պարզ է, որ Ռուսաստանն իր ռազմաքաղաքական եւ պարզապես նաեւ ֆինանսական շահերն է հետապնդում ադրբեջանական կողմի հետ այդ գործարքով։ 
Այսինքն՝ Ալիեւը, այսպես թե այնպես, այդ 1 միլիարդը ծախսելու էր զենք ձեռք բերելու համար, այսինքն՝ նաեւ Թուրքիայից կամ որեւէ այլ երկրից կարող էր այդ ամենին համարժեք գնումներ կատարել, այնպես որ ռուսական կողմը կարող է իր ակտիվում գրանցել այդ գործարքը։ Սակայն դրանք Ռուսաստանի ու մյուսների խնդիրներն են, որոնք առանձնապես էական չեն մեր տեսանկյունից։ 
Այստեղ էականն այն է, որ մեր պետության ռազմավարական դաշնակից Ռուսաստանը գործարք է իրականացրել մի երկրի հետ, որը ոչ թե սոսկ մեր հակառակորդն է, այլ շարունակաբար հանդես է գալիս Հայաստանի ու Արցախի հայության դեմ ռազմական ագրեսիա ծավալելու սպառնալիքներով։ 
Ռազմական տեխնիկայի մատակարարման այս խոշոր գործարքը վերջին օրերին, ինչպես նշեցինք, տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել։ Թեպետ այդ մեկնաբանություններն ու արձագանքներն էլ ինտենսիվներից չես համարի։ Ամեն դեպքում, մինչ այժմ քիչ թե շատ ակտիվություն դրսեւորում են տարբեր փորձագետներ, վերլուծաբաններ, առանձին գործիչներ։ 
Բնականաբար հարց է ծագում. իսկ ո՞ւր են հայրենի քաղաքական ուժերը, կուսակցությունները, խորհրդարանական ընդդիմադիր ու ոչ ընդդիմադիր ուժերը։ Ինչո՞ւ նրանցից ոչ մեկի ձայնը, ծպտունը չի լսվում։ Առավել եւս մի իրավիճակում, երբ խորհրդարանում քննարկումներ էին ընթանում, եւ քաղաքական անցուդարձը դեռ չի ընկղմվել ամառային նիրհի մեջ։ 
Հնարավոր է, որ իշխանական ու ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն այլ մտորումներ ու գնահատականներ ունեն այս հարցում։ Բայց, ի վերջո, դա անհայտ է։ Իսկապես էլ, հնարավոր չէ ասել, թե ինչ են մտածում հայրենի քաղաքական ուժերը, եթե նրանք լռում են։ 
Լավ, ենթադրենք, իշխանական ուժերը որոշել են պաուզա պահել` Հայաստանի առանցքային գործընկեր-պետության հետ ռազմավարական հարաբերությունների առումով կնճիռներ չհարուցելու տեսանկյունից։ 
Իսկ ի՞նչ ենթադրենք ընդդիմադիր, երբեմն նաեւ թունդ արեւմտամետ քաղաքական ուժերի վերաբերյալ։ Կարո՞ղ էին նրանք ակտիվություն դրսեւորել։ Կարելի էր հայտարարությամբ հանդես գալ, կարելի էր անգամ որոշակի բողոքի քայլեր նախաձեռնել։ Չգիտեմ, օրինակ, գազի գնի բարձրացման դեպքում անգամ հանրային ակտիվություն դրսեւորող անձինք գտնվեցին, որ Ռուսաստանի դեսպանատան դեմ ցույցանման մի բան փորձեցին անցկացնել։ Իսկ այստեղ Ռուսաստանը մեր թշնամի պետությանը 1 միլիարդ դոլարի զենք է վաճառել ու... լռություն։ 
Կարելի է ասել, թե քաղաքական կյանքն ու գործիչները արձակուրդային, ամառային տրամադրությունների մեջ են, չնայած տպավորությունն այնպիսին է, որ ուղղակի իներտ ու անհամարժեք վիճակում են։ Տեսեք, օրեր շարունակ բոլորը կամ մեծամասնությունը սեւեռվել են Վերահսկիչ պալատի հաշվետվության, օֆշորային պատմությունների, միջանցքային միջադեպերի ու նմանօրինակ այլ դեպքերի վրա։ Գուցե այդպես ավելի դյուրի՞ն է ուշադրություն գրավել։ 
Իսկ խնդրահարույց գործարքի մասին բոլորը լռում են։ Այդ թվում, լռում են քաղաքական նաեւ այն ուժերը, որ այլ հանգամանքներում մի քանի հայտարարություններ են շրջանառում անհամեմատ ավելի աննկատ դեպքերի վերաբերյալ։ 
Ոմանք կարող են ասել, որ նման հայտարարությունները ոչինչ չեն կարող փոխել, գործարքը, միեւնույն է, տեղի է ունեցել։ Բայց հենց նաեւ այդ հայտարարություններն ու ակտիվ արձագանքն են ձեւավորում այն ամենը, ինչ կոչվում է քաղաքական կյանք եւ քաղաքական միտք։ Մեր դեպքում փաստորեն միտքը կենտրոնացած է միանգամայն այլ գործառույթների վրա։ 
Հետաքրքիր, իսկ վերը ասվածի խորապատկերում գուցե նաեւ օրինաչափ է, որ հայրենի քաղաքական ուժերը գրեթե նույնքան անտարբեր արձագանքեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների վերջին համատեղ հայտարարությանը Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ 
Մեր գործիչները հետեւում են իրադարձությունների ընթացքին։ Լուռ եւ շա՛տ ուշադիր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել