«Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է զոհված ազատամարտիկի այրիից կաշառք պահանջելու մեջ»
Հարգելի ընթերցող, պատկերացնո՞ւմ եք, թե ուր ենք հասել, պատկերացնո՞ւմ եք, թե ումից են արդեն կաշառք վերցնում, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աստիճանի է վտանգված մեր հասարակությունը, պատկերացնո՞ւմ եք պահի տակ` ինչպիսի մարդկանց ձեռքում կարող է հայտնվել մեր հետագա ճակատագիրը, պատկերացնո՞ւմ եք` ովքեր են մեր չինովնիկներից շատերը, և ինչ են նրանք իրենց թույլ տալիս: Այս արարքը հանգիստ կարելի է դասել ամենաստոր արարքների դասին, քանզի գումար վերցնել այն մարդու ընտանիքից, ով իր կյանքն է զոհել մեր երկրի համար, դա հավասարազորի սեփական ազգին դավաճանելուն: Որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչ ստորության է գնացել վերոհիշյալ չինովնիկը, փորձենք ավելի մանրամասն ներկայացնել տվյալ դեպքը: Եվ այսպես` քրեական գործի նյութերի համաձայն` Սուրիկ Խաչատրյանն իր մոտ է կանչել զոհված ազատամարտիկի այրի Ա. Բաղրամյանին ու ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բնակարան ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու հարցը առաջնահերթության կարգով լուծելու և նրան աջակցելու համար պահանջել է ներկայացնել մի շարք փաստաթղթեր: Վերջինիս կողմից ներկայացվել են պահանջված փաստաթղթերը, իսկ Ս. Խաչատրյանը դրանք ուղարկել է ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչություն: «Բարի կամքի» դրսևորման և Ա. Բաղրամյանի աջակցելու համար, նախաքննական մարմնի գնահատմամբ, զոհված ազատամարտիկի այրուց Ս.Խաչատրյանը պահանջել է 300 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ա. Բաղրամյանից ստացել է 250 ԱՄՆ դոլար: Սուրիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործն արդեն գտնվում է դատարանի վարույթում։ Նշենք, որ հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
Հ.Գ Փաստորեն ստացվում է, որ վերոհիշյալ Սուրիկ Խաչատրյանը, ըստ նախատեսվող հոդվածի, կարող է վճարել տուգանք և հանգիստ ման գալ մեր երկրում, հա՞, և դա ըստ մեզ կլինի արդար որոշու՞մ: Չէ՞ որ դրանով մենք մեղք գործած կլինենք զոհված ազատամարտիկի հանդեպ: Չէ՞ որ նա մեզ համար զոհել է ամենակարևորը աշխարհում` իր կյանքը, իսկ մենք ի պատասխան դրան պետք է լուռ նայենք, թե ինչպես է իր կնոջից կաշառք վերցնողը տուգանքը վճարելուց հետո հանգիստ մա՞ն գալիս մեր երկրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել