
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը համոզված է` Ֆլորա Մարտիրոսյանի կիսանդրին երգչուհու մասին ավելի շատ կպատմի, քան լուսանկարը: Քանդակը պատվիրել է երգչուհու ընտանիքը` համարելով, որ միայն ժողովրդական քանդակագործը կհասկանա ժողովրդական երգչուհու աշխարհը: Քանդակի վրա վարպետն աշխատում է արդեն վեց ամիս: Հասցրել է ուրվագծել երգչուհու խաղաղ ժպիտը և երկու ծաղիկ խրել վարսերի մեջ:
Կիսանդրին սպիտակ մարմարից է: Քանդակագործը քարը պատահական չի ընտրել: Ինչպես ինքն է նշում`մարմարից լույս է ճառագում` ինչպես Ֆլորայի ժպտերես դեմքից: Սկզբում Լևոն Թոքմաջյանը որոշել էր երգչուհու դիմապատկերին հաղորդել քանդակագործի իր ձեռագրին բնորոշ վեհությունը:
Ֆլորան Լևոն Թոքմաջյանի հարևանուհին էր: Հազվադեպ էին հանդիպում: Արվեստագետը միշտ կարդում էր երգչուհու ազդագրերը և հաճախում համերգներին: Արվեստագետը պատմում է, որ երգչուհու երկրպագուները գալիս են, երկար նայում չավարտված քանդակին և ուզում են լսել Ֆլորայի ձայնը:
Արվեստագետն ափսոսում է, որ Ֆլորա Մարտիրոսյանը չհասցրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համախմբել աշխարհի լավագույն երգիչներին և միասին կատարել «Դլե-Յամանը»: Լևոն Թոքմաջյանի աշխատանքում լեյտմոտիվը Ֆլորայի երգային կերպարն է:
Լևոն Թոքմաջյանը գլխավոր խնդիրը լուծել է: Քանդակում և լուսանկարում Ֆլորան տարբեր է: Ֆլորայի կիսանդրին պատրաստ կլինի երկու ամսից: Այն տեղադրվելու է Երևանի քաղաքային պանթեոնում: Պատվանդանի վրա գրվելու է ընդամենը մեկ բառ` Ֆլորա: