Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ կարմիր դիպլոմով գռուզչիկներ չկան,
Ախր ուրիշ տեղ նարեկացած Նապոլեոն չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական օֆշորում
Սեփական սանիկի բենթլիներ չկան, 
Ախր ուրիշ տեղ
Սեփական ազգի մուննաթը չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ
այսքան թալանչի չկա,
Այսքան վաստակած ատկատներ չկան,
Ախր ուրիշ տեղ գազի մեջ՝ օդ, 
Եվ օդի մեջ այսքան գաղջ չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Գորիսից եկած Երևան հասած,
Բայց Գորիսից ձեռ չքաշած Լիսկաներ չկան:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, շաքարից, դեղից 
լցովի արաղից փող սարքող
օլիգարխ չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր վեր կենամ գնամ,
որ ի՞նչ անեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել