Այսօր Ազգային ժողովում նախագծերի քննարկման թեժ պահին նիստերի դահլիճից դուրս եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և մոտենալով ճեմասրահին, որտեղ աշխատում էին մի խումբ լրագրողներ, տեղավորվեց բազմոցի վրա` լրագրողների կողքին:

Մեր հարցին, թե արդյո՞ք նրա այս քայլը պայմանավորված է լրագրողների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ցանկությամբ, նա զարմացած պատասխանեց. «Բայց ես լրագրողների հետ ե՞րբ եմ վատ եղել, որ…»:

Երբ լրագրողները Սամվել Ալեքսանյանին սկսեցին հարցեր տալ ամենատարբեր թեմաների` Ծածկած շուկայից մինչև իր քրոջ որդի Արթուրին պատգամավոր դարձնելու մասին, նա նեղսրտած ասաց. «Այ ախպեր, հելնեմ, գնամ, իզուր էլ էկա…»:

Լրագրողներն էլ հարցրեցին, թե էդ դեպքում ինչու է եկել, որ հարցերին չպիտի պատասխանի. «Հերիք չի՞, որ եկել, ձեր կողքը նստել եմ…»,-ասաց նա:

Այնուամենայնիվ, փորձեցինք հետաքրքրվել, թե ճի՞շտ է, որ «Դալմա գարդեն մոլում» «Երևան սիթի» է բացվելու` «Կարֆուրի» փոխարեն: Գործարար պատգամավորը զարմացավ. «Ինձ խի՞ ես հարցնում, ես դրա հետ կապ չունեմ, ես բիզնեսով չեմ զբաղվում: Շողիկին հարցրու` կնոջս»:

Չնայած բոլոր փորձերին` շրջանցել Ծածկած շուկային վերաբերող հարցերը, Սամվել Ալեքսանյանը մի պահ չդիմացավ ու ասաց. «էդ շուկան, որ զուգարան չուներ, կռիսանոց էր, կռիշը չռում էր, խի՞ մի օր չէիք էթում էդ շուկայի դեմը կանգնում, շուկայից խոսում…»:

Երբ հակադարձեցինք` ասելով, որ դա նրան թույլ չի տալիս ապօրինի շինարարություն կատարել, նա թեման արագ փոխեց:

Ի վերջո հասկանալով, որ Սամվել Ալեքսանյանը մտադիր չէ պատասխանել որևէ լուրջ հարցի, հետաքրքրվեցինք, թե օրինակ, նա դպրոցական տարիներին ինչպիսի աշակերտ է եղել` խելո՞ք, թե՞ չար. «Իմ դեմքից չի՞ երևում, որ չար եմ եղել»,-ասաց նա` պատմելով Երևանի 112 դպրոցում իր կատարած «քաջագործություններից» մեկի մասին,-մի օր սաղ դասարանների զամոկները չոփ կոխեցի, որ դասարանները չբացվեն, դաս չանենք: Հաջորդ օրը մինչև մորս մի սումկա զամոկ առնել չտվեցին, դպրոց չթողեցին…»:

Ի դեպ նա ասաց, որ իր սովորելու տարիներին իրենց դպրոցի տնօրենը Գալուստ Սահակյանի աներն էր: Մեր հարցին, թե արդյոք հիմա, երբ միլիոնատեր է դարձել, փոխհատուցում է դպրոցին իր պատճառած վնասները, նա ինքնագոհ ասաց. «Դու զանգի մեր դպրոցի դիրեկտորին, ինքը թող ասի…»:

Այդ ընթացքում Սամվել Ալեքսանյանի բջջայինին զանգեցին, և պարզվեց, որ նրա հեռախոսը տասը տարվա Մոտորոլա է: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է գործարար-պատգամավորն այդ հին հեռախոսն օգտագործում: «Պտի հնարավորություն ունենամ, որ փոխեմ, որ չունեմ, ո՞նց փոխեմ»,-ծիծաղելով պատասխանեց նա:

Նա նաև տեղեկացրեց, որ ամռանը հանգստանալու է Սևանում` «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել