Արդեն տասնմեկ օր է՝ Երևանի Վերին Շենգավիթի 11 փողոցի 34 տան բնակչուհի 21-ամյա Անուշ Բունիաթյանը տանից դուրս է եկել և չի վերադարձել: Ամսի 10-ից սկսվել են որոնողական աշխատանքները, սակայն այս պահին որոշակի որևէ տեղեկատվություն չկա Անուշի գտնվելու վայրի վերաբերյալ:

Դասընկերուհին՝ Շուշանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այսօր 5-6 զանգ է ստացել. մեր համաքաղաքացիները նշել են, որ քաղաքի տարբեր տեղերում Անուշին նման աղջիկների են տեսել: Զանգողներից մեկն ասել է, որ Անուշին տեսել են Հալաբյան փողոցում, մյուսը՝ Աբովյան փողոցում, երրորդը՝ Զեյթունում: 

Ընկերուհին պատմեց, որ սովորելու վեց-յոթ տարիների ընթացքում դասընկերուհու մոտ որևէ տարօրինակ բան չեն նկատել, պարզապես Անուշն ինքնամփոփ է, քիչ շփվող, դպրոցում լավ է սովորել, տարի է եղել՝ գերազանցիկ է եղել, երբեմն էլ՝ հարվածային: «Շատ քիչ շփվող է, դաս հարցնեին՝ կպատասխաներ, եթե ոչ, ապա կարող էր ամբողջ օրը չխոսել»,- ասաց Շուշանը: Նա պատմեց, որ Անուշի մայրը՝ Թերեզան, ծնողկոմիտեի նախագահն էր, դպրոցական տարիներին ամեն ինչ շատ լավ է եղել: Ավարտելուց հետո դասընկերուհուն մեկ անգամ է հանդիպել:

21-ամյա Անուշ Բունիաթյանը սովորել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում: Դիպլոմայինի պաշտպանության ժամանակ ինչ-ինչ խնդիրներ են առաջացել, և նա այդպես էլ դիպլոմը չի վերցրել: Ավելին, մեկ տարի հետո նորից մոր հետ գնացել է լեզվաբանական համալսարան՝ դիպլոմի պաշտպանության հետ կապված խնդիրները կարգավորելու, բայց համալսարանից գալուց հետո այնքան էլ իրեն լավ չի զգացել: Անուշը նպատակ ունի շարունակել ուսումը նաև մագիստրատուրայում: Նա կարծում է, որ դեռ սովորելու շատ բան ունի, անընդհատ խորացրել է իր գիտելիքները: 

Մայրն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ուսումը շարունակելու համար գումարի խնդիր է եղել: Թեև Անուշն աշակերտներ ունի, անգլերեն է պարապում, սակայն վճարի հետ կապված դժվարություններ կային: «Անուշը մեծացավ գրքերի մեջ, ամբողջ օրը գիրք է կարդում»,- ասաց մայրը: Նա նշեց, որ դուստրն ինքնամփոփ է, հազվադեպ է խոսում:

Հարևաններից Անահիտն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Անուշն իրենց աչքի առաջ մեծացած համեստ աղջիկ է, գնում է դասի-գալիս տուն: Նա հուզված ասաց, որ ուզում է՝ Անուշը ժամ առաջ տուն գա:

Հարևանուհի Լիլիթն էլ ասաց, որ չի ուզում Անուշի «մազն անգամ ծռվի», նաև հավելեց, որ լուրը զարմացրել է իրեն, քանի որ բոլորը գիտեն՝ Անուշը խելոք, հավասարակշռված անձնավորություն է, անգլերենի մասնագետ: «Տա Աստված, որ շուտ գտնեն»,-ասաց Լիլիթը:

Մայրը պատմեց, որ հունիսի 9-ին հյուրեր են ունեցել, մոտավորապես ժամը 13:00-ին Անուշը տան հագուստով, գուլպաներով և հողաթափերով վազել է տանից դուրս, հայրը վազել է հետևից, սակայն չի կարողացել հասնել աղջկան։ 

Մայրն ասաց, որ տասը օրերի ընթացքում իրենք նրանից ոչ մի լուր չեն ստացել և միայն այսօր են իմացել, որ տեսնող է եղել:

Մեր հարցերին, թե գուցե վիճաբանությո՞ւն է եղել տանը, կամ հնարավոր է՝ ընկեր է ունեցել, նրա հետ է գնացել, մայրը բացասական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ որևէ վիճաբանություն տանը տեղի չի եղել, ընկեր էլ չունի:

Անուշ Բունիաթյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-44-02-02, 010-48-02-02, 010-44-42-60, 010-44-20-90 հեռախոսահամարներով:

Անուշի արտաքին տվյալներն են` հասակը մոտ 160-165 սմ, մազերը՝ երկար, շագանակագույն, նիհարավուն կազմվածքով, շագանակագույն աչքերով, երկարավուն դեմքով, փոքր քթով։ Հագին եղել է շագանակագույն կարճ տաբատ, վարդագույն սպորտային վերնաշապիկ, կարճաթև ծաղկավոր շապիկ և վարդագույն հողաթափեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել