Ամեն օր, ամեն աստծո օր տեղեկանում ենք բռնության ամենատարբեր ձևերի կրկնապատկման մասին: ՀՀ ոստիկանության անչափահասների գործով վարչության պետ Արթուր Վարդանյանի տվյալներով, այս տարվա հինգ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված տասներկու սեռական ոտնձգության դեպքի փոխարեն կատարվել է քսաներեք դեպք: Այսնքն` կրկնապատկվել է: Նույն կերպ այս տարի զգալիորեն ավելացել է ընտանեկան բռնություններից սպանված մարդկանց թիվը. անցյալ տարի այն ամեն օր մեկ սպանությունից ավել էր: Այս տարի ավելի շատ է: Ավելացել են ինքնասպանությունները: Վերջին մեկ տարվա ընթացքում «հաշիվներ լուծելու» ցուցադրական և բացահայտ սպանությունների մեծ թիվ կա` «Հարսնաքարը», Գյումրիի կլանային բախումները, Սյունիքի մարզպետի շուրջը, գյուղապետ... Զգալի թիվ են կազմում ծեծերով հաշիվները` ընտրություններին` լրագրողներին, բանկի կառավարիչ, բժիշկ, երաժիշտ..., ովքեր լռելը գերադասում են: Սրանք առավել հայտնիներն են: Չխոսելով բանակում կատարվող սպանությունների մասին, արդեն նաև` ռազմական ուսումնական կենտրոնում: Բանը հասել է նրան, որ արդեն պաշտպանության նախարարն անձամբ է համոզում ծնողներին բանակային բռնությունների նկատմամբ իրենց ըմբոստացումը չարտահայտել: Ավելին` այդ ըմբոստացման դեմ բռնություն է կիրառվում: Բռնության բոլոր դրսևորումների և ձևերի նկատմամբ շատ զգուշավոր քննություններն էլ արդեն վաղուց դարձել են անեկդոտային: 

Բռնության մշակույթը Հայաստանում բոլոր մակարդակներում դառնում է գերիշխող: Սա` այն դեպքում, երբ ամեն օր Հայաստանի բնակչությունը նվազում է: Բռնության քանակն ըստ տարիների նույնիսկ չի հարաբերակցվում բնակչության թվաքանակին, խոսվում է միայն բացարձակ թվերի մասին: Կամ` այն թվերի, որոնք հայտնի են: Ֆիզիկական և ֆինանսական բռնության կողքին ոչ ոք չի կարող նույնիսկ մոտավոր գնահատական տալ հոգեկան և հոգևոր-կրոնական բռնությունների դրսևորումներին: Առավել ևս չի խոսվում ֆինանսական բռնության մասին, որ օրինականացվել է ապրելու հնարավորության հետ որևէ աղերս չունեցող աշխատավարձերի և թոշակների չափերով: Բռնանում են նույնիսկ աղետի ենթարկված բնակչության դժգոհությունների արտահայտման դրսևորումների դեմ: Բռնությունը դարձել է շատ կարևոր զենք` լռեցնելու կամք ջարդելու: Տարօրինակ չի՞ թվում արդյոք, որ միջնադարում, օրինակ, Նարեկացին շատ ավելի համարձակ էր բողոքում մեր եկեղեցական ինստիտուտի բարքերի դեմ, քան այսօրվա հոգևորականը կարող է անել: Չեմ հիշեցնում Խորենացուն, քանի որ այն ժամանակ դեռ քրիստոնեության ընդունումից միայն մոտ հարյուր հիսուն տարի էր անցել: Իսկ Նարեկացու շրջանում արդեն շատ ամուր ինստիտուտ էր: Արդյո՞ք բռնությամբ չի բացատրվում նաև այն հանգամանքը, որ մեր վերջին տասը տարիների օլիգարխների շարքը նորերով չի համալրվում: Ի՞նչ ունենք` արդեն եղած տնտեսական բոլոր հնարավորությունները կենտրոնացրել են, նորերին տեղ չկա, ներս չեն թողնում: Բռնությունը դարձել է մեր ընտանեկան, հասարակական, քաղաքական, տնտեսական հարաբերությունների անբաժան մասը` իր հետ արմատավորելով բռնության անխուսափելի ուղեկցին` վախը: Վախը նույնպես մեր ընտանեկան, քաղաքական, տնտեսական, հասարակական հարաբերությունների անբաժան մասն է` դրանից բխող բոլոր հետևություններով, այդ թվում` բռնության մշակույթի օրինականացման: Հասարակական օրինակացման: Այնպիսի տպավորություն է, որ այսօրվա Հայաստանում հանդուրժողականության ամենամեծ չափաբաժինը հասնում է բռնության երևույթին: Լինի ընտանիքում, թե հասարակության մեջ: Եվ դարձյալ փորձեր են արվում այն բացատրել մեր մենթալությամբ: Այս սարսափելի բացատրությունը, որով ուզում են փոխարինել դատա-իրավական համակարգի բացարձակ ենթակայությունը բռնության մշակույթը ձևավորողներին (որի դեմ այն, իրականում, պիտի լիներ), խոսում է միայն մի բանի մասին` բռնության մշակույթն անհրաժեշտ է, օդի ու ջրի պես անհրաժեշտ է կառավարման բոլոր կարողությունները կորցրած իշխանությանը: Քաղաքացական կառավարման ճգնաժամն անցել է, սկսվել է բացարձակ և տոտալ հնազանդեցման կառավարման շրջանը: Հավանաբար սրանով պետք է պայմանավորել նաև վերջերս ակտիվացող այն երևույթը, որ ջանք է թափվում քաղաքացիական կառավարման պաշտոններում նշանակել փորձառու սպաների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել