Իմ մանիֆեստը առաջին հայացքից մենակ գրականությանն էր վերաբերում, քաղաքականության հետ կապ չուներ: Բայց ինձ թվում ա` արածս քայլը կօգնի հասկանալ նաեւ իմ քաղաքական դիրքորոշումը:

Ես ընդդիմադիր չեմ էս կամ էն խավին, էս կամ էն անձին //անձերին, էս կամ էն կուսակցությանը, ես նույնիսկ խոշոր հաշվով էս կամ էն համակարգին ընդդիմադիր չեմ, ավելի ճիշտ` էս կամ էն համակարգին ես ընդդիմադիր եմ էնքանով, որքանով էդ համակարգը Հայաստանը դուրս ա դնում աշխարհի մայրուղիներից եւ դարձնում ա երրորդ կարգի` բանանային պետություն:

Ունի՞ Հայաստանը պոտենցիալ` դառնալու լիարժեք պետություն, էն տեսակ պետություն, որն իրանից բան կներկայացնի Մերձավոր Արեւելքում եւ ինչու չէ` նաեւ աշխարհում: Ես վստահ եմ` ունի: Վստահ եմ, բայց ապացուցել առայժմ չեմ կարող: Ապացուցելու միակ ձեւը կլինի էն, որ Հայաստանը դառնա էդ իմ ասած եւ ուզած պետությունը: Ես իմ ուժերից կախված ամեն ինչ կանեմ դրա համար, բայց շատ պարզ գիտակցում եմ, որ ես քաղաքական գիգանտ չեմ եւ վճռական դեր չեմ կարող խաղալ էս հարցում: Չգիտեմ, ճիշտն ասած, վաղը ինչ կլինի, չնայած լավատեսությունը երբեք վերջնականորեն ինձ չի լքում:

Բնագավառը, որտեղ ես ինձ ամենավստահն եմ զգում եւ գիտեմ, որ միայնակ շատ բան կարող եմ անել` գրականությունն ա: Ես գիտեմ, որ իմ ստեղծածը ոչնչով չի զիջում աշխարհի էսօրվա ամենահայտնի գրողների ստեղծածին, նրանց, որ անուն ունեն, ամենամեծ հոնարարներն ու ամենախոշոր մրցանակներն են ստանում: Բայց քանի դեռ չեմ ապացուցել` իմ էս ասածը լսողների մեծ մասին կթվա լոպպազություն: Գրականության արժեքը չի կշռվում, չի չափվում եւ չի ապացուցվում, ընդ որում հասկացողը գիտի, որ մրցանակներն էլ էդ առումով ապացույց չեն, բայց մրցանակները առնվազն ուշադրություն են հրավիրում գրողի վրա եւ մեծացնում են ընթերցողների թիվը: Այ, եթե ես Նոբելյան ստանամ, հայաստանցիների մեծագույն մասը չի ափսոսա իրա մի քանի հազարը, կառնի իմ գիրքը կամ տոմս կառնի, կգա իմ բանաստեղծությունները լսելու:

Անկեղծ որ ասեմ, ես իմ Նոբելյան ստանալը չեմ համարում անհնար մի բան, եթե իհարկե ճակատագիրն ինձ առնվազն մի 5-6 տարի դեռ տա ապրելու: Բայց շատ հավանական էլ չեմ համարում: Ուղղակի քանի որ հայտարարեցի էդ մասին, սրանից հետո իմ բոլոր քայլերի չափումն ա փոխվելու` դառնալու ա աշխարհական: Հայաստանցիներիս ամենամեծ պրոբլեմը մեր չափումների փոքրությունն ա` մեր երկիրը փոքր ա, մեր խնդիրները տարբեր են զարգացած երկրների խնդիրներից` ավելի լոկալ են, մեր դիմաց սերժեր ու գալուստսահակյաններ/շարմազանովներ են, ու ինչքան էլ փորձես իրանց շրջանցել, մեկ ա, իրանք են իշխանության գլուխ, ու քանի որ իրանք են իշխանության գլուխ, քո կռիվը իրանց դեմ ա, ու քանի որ իրանց դեմ ա, էդ կռվի նշաձողն իջնում ա, չի կարող չիջնել: Քաղաքականության մեջ` ես վստահ չեմ, անկեղծ ասած, թե որն ա էս վտանգավոր վիճակից դուրս գալու ելքը: Գրականության մեջ` գիտեմ:

Գրականության մեջ` նշաձողը որոշվում ա գրականության շուրջ տարվող խոսակցությամբ, որի առանցքային ֆիգուրը, գրողից բացի, քննադատն ա: Ես էնքան եմ կարեւորում քննադատի դերը, որ մի տաս-տասներկու տարի առաջ, տեսնելով, որ Հայաստանում քննադատություն չկա, ես ինքս սկսեցի զբաղվել դրանով եւ գրեցի «Անտիպոեզիա, կամ երբ բանաստեղծը չի փնտրում ալիբի» էսսեն` Արմեն Շեկոյանի գրքի վերնագիրը դարձնելով իմ նկատած ու ձեւակերպած բանաստեղծական ուղղության անուն: Էդ էսսեն ահագին արձագանքներ ունեցավ ժամանակի գրական մամուլում, քննարկվեց: Չգիտեմ` ուրիշներին ինչ ա տվել էդ քննարկումը, բայց կարող եմ վկայել, որ ինձ տվել ա շատ բան` իմ էսօրվա պոեզիան մի խոշոր չափով հենց իմ ձեւակերպած գրական ուղղության իրականացումն ա (էն ժամանակ, երբ որ էսսեն գրում էի, իմ բանաստեղծական ձեռագիրն ուրիշ էր, ես հոդվածը գրել էի ոչ թե իմ, այլ Արմեն Շեկոյանի եւ Վիոլետ Գրիգորյանի տեքստերի վրա հենվելով):

Հետո արդեն կար «Բնագիր» ամսագիրը, դրա համացանցային ֆորումն ու շաբաթական մեր քննարկումները` Շեկոյանի, Վիոլետի, Միսաք Խոստիկյանի եւ այլոց մասնակցությամբ, որ սնունդ էին իմ համար, գրական խոսակցությունը ամենաբարձր մակարդակի վրա պահող սնունդ: Հիմա արդեն «Բնագիրը» չկա, ֆորումը պատմություն դարձավ, մեր քննարկումները` նույնպես: Մի որոշ ժամանակ «Ինքնագիրն» էր դրան փոխարինում եւ «Ինքնագրի» քննարկումները Ուտոպիանայում, բայց էդ էլ վերջացավ: Վիոլետը վերջին տարիներին չի գրում, Շեկոյանը անցավ արձակի, վարագույրը իջավ իմ համար էնքան կարեւոր քննարկումների վրա:

Իհարկե, կա «Գրանիշը», կան բազմաթիվ նոր ջահելներ, որ բավական ակտիվ են, տպագրվում են, հավաքվում են Ծաղկաձորում եւ այլուր, գրում են, թարգմանում են, հարցազրույց են տալիս… Բայց գրական խոսակցություն չկա էսօր: Բացարձակ չկա: Գրական խոսակցությունը էն չի, երբ որ ասում ես` սա լավ ա գրում, սա լավ չի գրում, եւ նման բաներ, գրական խոսակցությունը էն ա, երբ որ էսօր ու ստեղ գրված տեքստը դրա միջոցով գնում կապվում ա երեկ ու աշխարհում գրվածի հետ` ստեղծելով գրականության ներկան:

Արդեն ասել եմ մանիֆեստիս մեջ` գրականությունն էսօր ճգնաժամի մեջ ա ոնց որ թե, ամեն դեպքում` չկան էն տեսակ վառ դեմքեր ու գրական նոր ուղղություններ, որոնց մասին լսես նաեւ հեռվից` առանց հատուկ խորանալու եւ հատուկ հետաքրքրվելու: Բայց սա իհարկե կարող ա լինել խաբուսիկ տպավորություն: Լրջորեն հասկանալու համար` ինչ ա կատարվում ժամանակակից գրականության մեջ, պետք ա խորանալ ու ավելի մոտից հետաքրքրվել: Ես որոշել եմ անել հենց դա` մոտիկից ծանոթանալ աշխարհի տարբեր երկրներում ընթացող գրական պրոցեսներին եւ գտնել իմ տեղը դրանցում: Լեզուների իմ իմացությունը եւ համացանցը տալիս են ինձ նման հնարավորություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել