Նվազագույն աշխատավարձը ներկայիս 35 000 դրամի փոխարեն 45 000 դրամ սահմանելու մասին կառավարության ներկայացրած օրինագծի քննարկման ժամանակ հայտարարվեց, որ հուլիսի 1-ից նախատեսվող աշխատավարձի բարձրացումը վերաբերում է բացառապես մինչեւ 45 000 դրամ աշխատավարձ ստացողներին: Ընդ որում։ ընթացիկ տարվա 6 ամսվա կտրվածքով  լրացուցիչ կապահանջվի 3, 7 մլրդ դրամ, այդ թվում՝ 2,5 մլրդ դրամը՝ պետական բյուջեից, 1,2 մլրդ դրամը՝ համայնքային բյուջեներից, ինչը, բնականաբար, կփոխհատուցվի պետբյուջեից: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի այսօրվա նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին»,  «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին»,  «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:

Մյուսները պետք է սպասեն մինչեւ 2014թ-ի հունվար:

«Այս նախագծով մինչև 2014 թվականի հունվարի 1-ն առկախվում է քաղծառայողների պաշտոնական դրույքաչափի բարձրացումը, այլ բարձրացվում են բոլոր աշխատավարձերը, որոնք գտնվում են մինչև 45 հազար դրամի սահմաններում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց  նախարար Արտեմ Ասատրյանը:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ, ներկայացնելով կառավարության առաջարկությունը, մեկնաբանեց, որ սա միջանկյալ որոշում է, մինչդեռ քաղաքացիական եւ պետական մյուս ծառայողների աշխատավարձերը, ինչպես նաեւ կենսաթոշակները կբարձրանան, ինչպես, որ նախատեսված է կառավարության ծրագրով, միայն հաջորդ տարվա հունվարի 1-ից, ինչն ենթադրելու է շուրջ 50 մլրդ դրամի լրացուցիչ ծախս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել