Վերջին տարիներին հզոր մեքենաներ արտադրող պետությունների թիվը գնալով աճում է: Այսուհետ այդ շարքը կհամալրի նաև Արգենտինան՝ իր «Bucci Special» օրիգինալ մրցավազքային մոդելով: Ճիշտ է, այս բնագավառում արգենտինացիներն արդեն հասցրել են աչքի ընկնել` ի դեմս Alejandro de Tomaso-ի և Horacio Pagani-ի, սակայն տարբերությունը կայանում է նրանում, որ վերջիններս իրենց մեքենաներն արտադրել են Իտալիայում, իսկ «Bucci Special»-ն ամբողջությամբ պատրաստվել է Արգենտինայում: Արգենտինական հզոր մոդել ստեղծելու գաղափարը պատկանում էր արգենտինացի մրցարշավորդ Klemar Bucci-ին, որն իր զարմիկի՝ Պաբլոյի հետ միասին հիմնադրեց «Scuderia Bucci» ընկերությունը, որն էլ ձեռնամուխ եղավ մեքենայի արտադրությանը: 2011թ.-ի հունվարին Կլեմարի մահը զրկեց նրան իր տարիների երազանքը իրականացած տեսնելու հնարավորությունից: Նախագծի աշխատանքները շարունակվեցին ու ավարտվեցին այս տարվա սկզբին: «Bucci Special»-ի պաշտոնական ցուցադրությունը կկայանա Բուենոս Այրեսի ավտոցուցահանդեսում ՝ հունիսի 20-ին: Տեխնիկական ցուցանիշները դեռևս գաղտնի են պահվում, սակայն հայտնի է, որ շարժիչը կլինի 7.3լ 12 գլանային՝ «Mercedes AMG»-ից՝ 600 ձիաուժ հզորությամբ, որը կաշխատի «Pagani»-ից վերցված 6-աստիճան փոխանցման տուփի հետ: Մեքենայի երկարությունը շուրջ 4 մ է, բարձրությունը՝ 1,27 մ: Pablo Bucci-ին դեռևս չի որոշել, թե ինչպիսին կլինի իր սպորտային մեքենայի ապագան: Անհայտ է` արդյո՞ք մեքենան կլինի եզակի օրինակով, թե՞ մինիմալ արտադրական ծավալով կթողարկվի` պոտենցիալ գնորդների կողմից հետաքրքրության արժանանալու դեպքում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել