Օրական որքա՞ն հեղուկ պետք է օգտագործել:
Այս կարճ և պարզ հարցը չի կարող ունենալ պարզ և միանշանակ պատասխան, որովհետև հեղուկի քանակը պայմանավորված է ոչ միայն կլիմայական պայմաններով, եղանակով, բնակության վայրով, այլ նաև շատ անհատական է և տարբեր՝ կախված մարդու տարիքից, սեռից, առողջական վիճակից, զբաղմունքից և այլն:
Փորձենք անդրադառնալ բոլորին հերթով:
Ըստ ամերիկացի բժիշկների` մեղմ կլիմայական պայմաններում ապրող առողջ, հասուն տղամարդիկ պետք է օրական օգտագործեն մոտ 3 լիտր հեղուկ (13-15բաժակ), կանայք՝ մոտ 2,2լ (8-11բաժակ):
Այս թվաբանությունը ըստ հանգամանքների փոխում եք ինքներդ՝ հաշվի առնելով ձեր ֆիզիկական ակտիվությունը, առողջական վիճակը, եղանակը:
Ամռանը հնարավորինս ավելացրեք հեղուկի քանակը կամ գոնե կոմպենսացրեք դրանք շատ ջուր պարունակող մթերքներով, շատ լավ տարբերակ են մրգերն ու բանջարեղենը (լոլիկ, վարունգ, ձմերուկ և այլն): Խուսափեք գազավորված ըմպելիքներից, մուգ թեյերից, քչացրեք սուրճի քանակը:

Շրջակա միջավայրի և եղանակի ազդեցություն

Տոթ և խոնավ եղանակը ստիպում է օրգանիզմին կարգավորել մարմնի ջերմաստիճանը, որը հնարավոր է քրտինքի միջոցով:
Եթե կարծում եք, որ ձմռանը շատ հեղուկ հարկավոր չէ, սխալվում եք, որովհետև տաքացվող փակ սենյակը նույնպես ազդում է մարդու մաշկի խոնավության վրա և առաջացնում հեղուկի պակաս:
Եթե ամռանը պլանավորել եք բարձրադիր գոտիներում վայելել ձեր հանգիստը, հաշվի առեք, որ ջրի մակարդակից 2,500 մ բարձրության վրա գտնվող մարդու սրտի աշխատանքը արագանում է, սկսում է շնչել ավելի արագ, որի հետևանքով նորից կորցնում է հեղուկ:

Ֆիզիկական աշխատանք
Եթե դուք զբաղվում եք սպորտով կամ որևէ այլ ֆիզիկական աշխատանք եք կատարում, որը առատ քրտնարտադրություն է առաջացնում, չջրազրկվելու համար անպայման պետք է լրացնել հեղուկի պաշարը: Որքան ծանր է ֆիզիկական աշխատանքը, այնքան շատ է հեղուկի կարիքը:

Հղիության և կրծքով կերակրելու ընթացքում
Հղիության ընթացքում անհրաժեշտ է օգտագործել առնվազն 2,3լ հեղուկ (10բաժակ): Իսկ կրծքով կերակրելու ընթացքում` 3,1լ և ավելի (13բաժակ +):

Առողջական խնդիրներ
Տաքության, փորթուլության, փսխումների ժամանակ օրգանիզմից մեծ քանակությամբ հեղուկ է դուրս գալիս, որը անպայման պետք է լրացվի:
Երիկամների, լյարդի խնդիրներ, սրտի աշխատանքի անբավարարություն ունեցողները, հակառակը, պետք է սահմանափակեն հեղուկը:

Արդյո՞ք բավարար եք օգտագործում հեղուկ: Պետք է ինքներդ պարզեք, եթե դուք օրվա մեջ հազվադեպ եք զգում ծարավ, հոգնածություն, օրգանիզմի կողմից արտադրվում է 1,5 լիտրից ավել անգույն կամ բաց դեղնավուն գույն ունեցող մեզ, հավանական է, որ օգտագործում եք ձեզ անհրաժեշտ հեղուկի պաշարը:

V.P.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել