Ինչպես ցանկացած սթրես, այնպես էլ հետընտրական կոչվողը որոշակի լարվածության պարպումն է ուղղակի կամ անուղղակի դրսևորումներով: Ասվածը կարելի է բնութագրել մի իրավիճակով, երբ անձը երկարատև պայքարից կամ լարված աշխատանքից հետո, չստանալով ակնկալվող արդյունքը, հուսահատվում է այդ գործունեությունից, և նոր միջավայրում փորձում է ադապտացիայի ենթարկվել, սակայն զգում է, որ իր ուժերը չեն հերիքում նոր ձեռքբերումների համար:  Նման իրավիճակ տեղի ունեցավ նախագահական ընտրություններից հետո ՏԻՄ ընտրությունների ընթացքում: Բոլորը զգալով և վերապրելով վերոնշյալ սթրեսի արդյունքները՝ սկսեցին ադապտացվել և համակերպվել այն իրավիճակի հետ, որը պայմանավորեց հետընտրական պասիվ վիճակը:

Հոգեբաններին վաղուց է հայտնի այն գիտափորձը, երբ մկանը գցում են վանդակի մեջ և բացում դուռը: Առաջին անգամ տեսնելով բաց դուռը` կենդանին փորձում է արագ դուրս գալ վանդակից, սակայն փորձարկողները փակում են նրա ճանապարհը էլեկտրաշոկով, երկրորդ անգամ ևս նույն կերպ են վարվում կենդանու հետ, և վերջապես գալիս է մի պահ, երբ վանդակի դուռը բաց են թողնում, բայց կենդանին այլևս չի արձագանքում դրան և չի փորձում դուրս գալ վանդակից, նույնիսկ եթե չեն խոչընդոտում նրա ճանապարհը:

Ավելորդ է նշել, թե որքան նույնական է այս իրավիճակը մեր երկրի համար, և որքան ավելորդ են իշխանությունների մեղադրանքները ընդդիմության հասցեին, քանզի այժմ մեր ժողովուրդը գտնվում է նույն այդ վանդակում, իսկ ընդդիմության կանչերը, որոնք հորդորում են դուրս գալ վանդակից, այդպես էլ ոչինչ չեն փոխում, իսկ իշխանություններն էլ դադարել են էլեկտրաշոկի ենթարկել, սակայն ամեն պահ ժողովուրդը հիշում և վերապրում է այն շոկը, որին երկարատև տարիներ ենթարկվել է՝ ձգտելով դուրս գալ կապանքներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել