Երեկվանից ակտիվ շրջանառվում ու քննարկվում է Ադրբեջանին Ռուսաստանի վաճառած զենքի խոշոր խմբաքանակը: Խոսքը գնում է 0.7-1 միլիարդ կազմող գործարքի մասին, որով Ադրբեջանը Ռուսաստանից ստանում է երեք գումարտակ (94 միավոր) Т-90С տանկ, երեք գումարտակ (մոտ 100 միավոր) БМП-3 մարտական մեքենա, մեկ դիվիզիոն (18 միավոր) «Мста-С» ինքնագնաց հրետանային սարքավորում, մեկ դիվիզիոն (18 միավոր) համազարկային կրակի «Смерч» ռեակտիվ համակարգ, մեկ դիվիզիոն (18 միավոր) ինքնագնաց հրետանային «Вена» զինատեսակ, 6 միավոր ТОС-1А կրականետ համակարգ:
Ինչ խոսք, սա այդքան էլ հաճելի լուր չէ մեզ համար, որովհետև հասականալի է, թե ում դեմ է ուղղվելու այս զենքը՝ կիրառության դեպքում, սակայն խուճապի էլ պետք չէ մատնվել, քանզի նախ այս զենքերից որոշները՝ մասնավորապես տանկերն ու ՀՄՄ-3-ները, ունեն մի շարք կոնստրուկտորային ու կոնցեպտուալ դեֆեկտներ, և եթե դիտարկում ես դրանք ոչ թե ռուսական ռազմաարդյունաբերության կողմից թողարկված փիառի պրիզմայից, այլ ռեալ փաստերով, ապա բավականին հում են և մարտի դաշտում չփորձված: Մյուս կողմից` այս բոլոր զինատեսակները որքան էլ լավը լինեն, լավն են դրանք օգտագործող անձնակազմի պատրաստվածության շնորհիվ, իսկ Ադրբեջանն այս պահի դրությամբ չունի նման կադրեր, որոնք կկարողանային էֆեկտիվորեն օգտվել այս համակարգերից, առավել ևս նման խոշոր խմբաքանակից, և կանցնեն տարիներ, մինչև Ադրբեջանը կկարողանա պատրաստել բավականաչափ անձնակազմեր, որպեսզի տեսականորեն ի վիճակի լինի այս զենքը մարտադաշտում օգտագործել:
Հարցի մյուս կողմը աշխարհաքաղաքականն է: Իհարկե, հիմա հնչում են բազմաթիվ մեղադրանքներ Ռուսաստանի հասցեին, որ այս կերպ նա էլի «քաշում» է իր ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին, բայց եկեք հասկանանք մի շարք դրույթներ.
- Եթե մենք ինքներս ենք դեկլարացնում, որ պետությունը պետք է գործի՝ ելնելով իր շահերից, ապա ինչո՞ւ ենք մուննաթ գալիս Ռուսաստանի վրա, որ նա, ելնելով իր շահերից, չի զիջում 1 միլիարդ դոլարի եկամուտը ասենք թե ամերիկյան կամ իսրայելական զենք վաճառող կազմակերպություններին:
- Եթե մենք ինքներս դեկլարացնում ենք, որ մեր շահն ու աշխարհաքաղաքական դիրքորոշումն ու ուղղվածությունը դեպի Եվրոպա ինտեգրման պրոցեսներն են, ՆԱՏՈ-ի հետ համագործակցության խորացումը, ապա ինչո՞ւ ենք համարում, որ այդ կերպ մենք ինքներս չենք դավաճանում ռազմավարական դաշնակցության սկզբունքները:
- Վերջապես, մեր տարածաշրջանում այնուամենայնիվ բալանսը պահպանվում է, և դա շատ հարցերում նաև Ռուսաստանի շնորհիվ է, այդ թվում նաև զենքի ոլորտում: Եկեք չմոռանանք ու հասկանանանք, որ պաշտպանական գերատեսչությունը բավականին փակ կառույց է, իսկ ձեռք բերվող/ստացվող զենքի հետ կապված տեղեկությունը առավել ևս փակ է, սակայն բերեմ միայն մեկ օրինակ. գաղտնիք չէ, որ մենք արդեն մի քանի տարի է, ինչ ունենք մի քանի դիվիզիոն Ս-300 ՀՕՊ համակարգեր... Չխոսեմ թվերի մասին, թե քանի դիվիզիոն ունենք, քանի որ նախ դա ռազմական գաղտնիք ներկայացնող ինֆորմացիա է, երկրորդն էլ հստակ թվերի չեմ էլ տիրապետում, սակայն կոնկրետ այս զինատեսակի մի քանի դիվիզիոնի շուկայական գինը կազմում է մոտ 2 միլիարդ դոլար...
Առակս ի՞նչ կցուցանե. եթե մեր տարեկան ռազմական բյուջեն կազմում է մոտ 700 միլիոն դոլար, և այդ 700 միլիոն դոլարը հատկացվում է բանակի ԲՈԼՈՐ ծախսերի համար, տրամաբանական հարց է առաջանում, թե այդ ի՞նչ միջոցներով մենակ Ս-300 զինատեսակից ունենք մի քանի միլիարդ դոլարի: Կրկնում եմ, հաշվի առեք, որ մեր ռազմական բյուջեն իր մեջ ներառում է ոչ միայն Ս-300-ների գնման ծախսերը, այլև բոլոր այլ զինատեսակների, որ գնվում են, եղածների սպասարկումն ու մոդերնիզացիան, զինվորականնների աշխատավարձերի ու սոցվճարների ծախսերը, զինվորականների համար բնակարանների կառուցման ծախսերը, բանակը սնունդով ու հանդերձանքով ապահովելու ծախսերը և այլն...
Հետևությունները դուք արեք:

Հ.Գ. Այս լուրի կոնտեքստում կրկին ակտուալ է Կուրղինյանի հնչեցրած այն միտքը, որ եթե մենք ընտորւմ ենք շահերով առաջնորդվելու տարբերակը, ապա չպետք է ակնկալենք, որ Ռուսաստանը պետք է անտեսի իր շահերը, ինչը կարող է արտահայտվել նաև Ադրբեջանին զենք վաճառելով: Ցավոք սրտի, ինչպես հայկական քաղաքական վերնախավը, այնպես էլ ռուսականը այդ շահադիտականությունը ընկալում է որպես գործունեության հիմնական մոտիվացիա և ձևաչափ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել