Եղանակները տաքանում են, իսկ Հայաստանը սառում է. խզբզոց Արևի վրա 1

Արևի վրա նստած ես խզբզում եմ: Մի տեսակ ցնդել եմ... Եղանակները տաքանում են, իսկ Հայաստանը սառում է... 

Եղանակները տաքանում են, իսկ Հայաստանը սառում է: Երթուղայինի մեջ մի հղի աղջիկ կար: Նա կանգնած էր, երթուղայինն էլ լիքն էր: Մի տատիկ նստած տեղից վեր կացավ ու տեղը զիջեց... է՜հ, մի հատ գլամուռ կոկորդիլոս կար նստած, ծամոնի ամեն ճտոցով ավելի էր սիրտս խառնում. չդիմացա, էս «աղջկան» հարցրեցի, թե ինքը ինչ սեռ ունի, հարցական հայացքով ինձ նայեց, ես էլ ասացի, որ էգուց մյուս օր ինքն ա հղի-հղի կանգնելու ու տեղ չտան, էս դեբիլն ասում ա, թե պայուսակս տամ, կբռնի, ես էլ ասացի կարող ա ծանր լինի, թող հանգիստ վեր ընկնի....

Եղանակները տաքանում են, իսկ Հայաստանը սառում է: Հիշում եմ, երբ փոքր էի, ինձ միշտ երթուղայինում խոսացնում էին, կոնֆետներ տալիս, իսկ հիմա Երևանի երթուղայիննեորւմ երեխաների հանդեպ անտարբեր են, մայրերն էլ չեն պատմում քաղաքի մասին, միայն ասում են՝ սու՛ս, նստի՛, հասնում ենք:

Եղանակները տաքանում են, իսկ Հայաստանը սառում է: 2 օր է մեր բակում մի շունիկ եմ պահում. որբուկ է՝ անհայտ ծագումով, բայց շա՜տ խելացի է, չոբանիկի էլ նման է: Չգիտեմ... Այսօր իմացա, որ խեղճս եղել ա մեր փողոցի բոլոր տներում, ու ոչ ոք չի կերակրել... Ես փողոցում տեսա, բերեցի տուն, կերակրեցի, ծնողներիս հետ պատերազմեցի, ու ինքն արդեն մեր բակի շունիկն ա... Երջանիկ ա... Ինձ էլ շատ սիրում ա, խանութ գնալիս անգամ ուղեկցում ա... մի խոսքով:

Եղանակները տաքանում են, իսկ Հայաստանը սառում է: Ժպտուն աղջիկները քչանում են, ժպտացող աղջիկների ու ժպտուն աղջիկների աչքերը խիստ տարբերվում են:

Եղանակները տաքանում են, իսկ Հայաստանը սառում է: Ընկերուհիս Մոսկվայում է, մտերիմ ընկերուհիս Մոսկվայում է: Սառում եմ:

Եղանակները տաքանում են, իսկ Հայաստանը սառում է: Քաղաքը դատարկվել է: Էս արտագաղթի ամենացավն էն է, որ էլ ամառներն էլ չեն պարգևում մեզ հարազատների գրկերը, որովհետև անգամ ամառը նրանք այլևս Հայաստան չեն գալիս:

Եղանակները տաքանում են, իսկ Հայաստանը սառում է: Էն ժամանակ մեր տանն ավելի շատ էինք պատրաստում խմորեղեն, խեցգետին եփելու կաթսան հազվադեպ էր աչքներիցս հեռու լինում, հորս սիրած ծառերի տակ նստելու, գարեջուր խմելու արարողությունը հաճախ էինք վայելում, իսկ հիմա չէ, հիմա մարդիկ զբաղած են, հիմա մեծերը պետք է հասցնեն մեզ պահել էս անասուն պետության մեջ:

Եղանակները տաքանում են, իսկ Հայաստանը սառում է: Առաջին դասարանցիները պակասում են, դիմորդները` նույնպես:

Եղանակները տաքանում են, իսկ Հայաստանը սառում է: Վարչապետն էլ նույնը մնաց: 

Եղանակները տաքանում են, իսկ Հայաստանը սառում է: Առավոտյան սուրճխմուկները էլ չկան հարևաննների մեջ, մեր փողոցի փշատենին էլ կտրել են:

Եղանակները տաքանում են, իսկ Հայաստանը սառում է: Մեր տուն էլ չեն գալիս, որ գիրք տամ կարդալու:

Եղանակները տաքանում են, իսկ Հայաստանը սառում է: Մեր տուն ավելի շատ են գալիս պարտքով փող վերցնելու:

Եղանակները տաքանում են, իսկ Հայաստանը սառում է: Հայրս ստիպված է լինում մերժել, երբ գալիս են պարք վերցնելու, հայրս ինքն է վարկ փակում:

Եղանակները տաքանում են, իսկ Հայաստանը սառում է: Տղաները սկսել են գունավոր հագնվել. տղաները սկսել են ավելի մտահոգ լինել ու ուշ ամուսնանալ, բա կնոջը պահելու պայմաններ չկան:

 

Հ.Գ. Եղանակները տաքանում են, իսկ Հայաստանը սառում է: Ա՜րև:

 

Ցնծա՛, բյուր վիշապ Հայաստան աշխարհ,

Փրկության արև Վահագնիդ տեսար։

Ես երջանիկ եմ, ես ունեմ Վահագն՝ Արևից պոկված, ես ինքս եմ Արևից սերված, ու ես հավատում եմ, ես գիտեմ, ես ինքնաճանաչ եմ, ու ես Հայ եմ: Ազգայնական լինելու մեջ չմեղադրեք, միայն հիմարն է զատում ազգը մարդուց և մարդը ազգից, էնպես որ... խենթերը ելել են մարտի... 

Դու մի՛ վշտանա, ի՛մ Հայաստան,

ես եկել եմ Արևից, որ քեզ տաքացնեմ,

ես եկել եմ, ես այստեղ եմ,

Հայի Տիեզերքն է ինձ ծնել...

Ես բերել եմ Արևներ հենց քեզ համար,

ես կծնեմ արևներ քեզ համար... 

Կեցցե՛ այն Հայաստանը, որը մենք ենք կերտում, կեցցե Արևի Հայաստանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել