Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնի Թուրքիայի և Պակիստանի հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Նա նշել է, որ Թուրքիայի զինուժը ՆԱՏՕ-ում ուժեղներից է: Հասանովի խոսքով՝ իրենք պետք է օգտագործեն թուրքական զինուժի փորձը:

Պակիստանը, միջուկային տերություն հանդիսանալով, բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում, ու Բաքուն փորձելու է օգտագործել այդ երկրի ինչպես տնտեսական ներուժը՝ ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգավելու համար նավթադոլարների կրճատման, ոչ նավթային հատվածի զարգացման ու Ադրբեջանը էներգետիկ-տրանսպորտային միջանցի վերածելու տրամաբանության շրջանակներում, այնպես էլ կիրառելու է պակիստանյան ռազմա-տեխնիկական նորարարություններն ու ներուժը սեփական զինված ուժերի ամրապնդման համար:

Տնտեսական համագործակցության առումով Ադրբեջանը ցանկանում է հավասարակշռել իր առևտրա-տնտեսական կապերը Թուրքիայի հետ` սուննի մեկ այլ պետության, միջուկային տերություն Պակիստանի հետ խորացնելով կապերը։ Ադրբեջանը կարող է առաջարկել իր նավթագազային հանքավայրերը պակիստանյան ընկերություններին, ինչպես նաև ռազմական արտադրանքի գնորդներից մեկը դառնալ Իսլամաբադի համար` Թուրքիային, ՌԴ-ին, Իսրայելին զուգահեռ։

Պակիստանյան գրեթե 200 միլիոնանոց շուկան էլ կարող է դառնալ ադրբեջանական ցանկացած արտադրանքի համար սպառնման շուկա։ Անգամ փոքր խմբաքանակի ապրանքերի վաճառքը կարող է էականորեն ազդել նավթի գների անկում, ԿԲ-ի պահուստների նվազում ու մանաթի արժեզրկում «տեսած» ադրբեջանական բյուջեի համալրման վրա։

Պակիստանը կարող է ադրբեջանական շուկա դուրս գալ Իրանի տարածքով։ Շուտով կյանքի է կոչվելու Ադրբեջան–Իրան երկաթգիծը, որը միանալու է Իրան–Պակիստան երկաթգծին։ Բացի այդ՝ Պակիստանը կարող է հետաքրքրված լինել նաև Տրանսկասպյան միջանցքով` Թուրքմենստանի, Ղազախստանի միջոցով Բաքվի նավահանգստով Կովկաս, Սևծովյան շուկաներ ու Թուրքիա դուրս գալու միտումով։

Թուրքիայի հետ նույնպես Ադրբեջանը զարգացնում է ռազմական, տնտեսական, էներգետիկ և այլ կապեր «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևի շրջանակներում, որտեղ առանցքը ՀՀ-ի ու Արցախի դեմ միասնական գործողությունների տրամաբանությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել