Մի ընտանեկան զույգ նոր բնակարան է տեղափոխվում։ Առավոտյան կինը պատուհանից դուրս է նայում և տեսնում լվացք փռող հարևանուհուն։

- Նայի՛ր՝ ինչ կեղտոտ է նրա լվացքը,- ասում է ամուսնուն։

Բայց վերջինս կնոջ ասածին ոչ մի նշանակություն չի տալիս։

- Երևի օճառն է վատը եղել, կամ էլ նա լվացք անել չգիտի։ Պետք է նրան սովորեցնել,- եզրակացնում է կինը։

Ու այսպես ամեն անգամ, երբ հարևանուհին լվացք էր փռում, կինը զարմանում էր՝ որքան կեղտոտ է այն։

Մի պայծառ առավոտ պատուհանից դուրս նայելով՝ կինը բացականչում է.

- Օ՜, այսօր լվացքը մաքուր է։ Երևի լվացք անել է սովորել։

- Ո՛չ,- պատասխանում է ամուսինը,- պարզապես ես այսօր վաղ եմ արթնացել և լվացել եմ պատուհանը։

Այսպես էլ մեր կյանքում է. ամեն ինչ կախված է պատուհանից, որով նայում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջը։
Իսկ ուրիշներին քննադատելուց առաջ պետք է վստահ լինել, որ մեր սրտերն ու մտադրությունները մաքուր են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել