1995-1999թթ. համայնքների սեփականություն հանդիսացող ջրամատակարման ու ջրահեռացման համակարգերը կառավարության ուղղորդմամբ հանձնվեցին «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը` անհատույց կառավարման: Հանձնողների թվում էր նաև Կապան համայնքը: Բացառություններ էլ եղան, օրինակ` Քաջարան քաղաքը: Հիմա Քաջարանում ջրաչափ չկա, սակագինն էլ ըստ շնչի որոշում է ավագանին: Գույքն էլ տնօրինում է քաղաքը, հետևաբար շահույթն էլ գալիս է քաղաքային բյուջե: Կապանում դարձել ենք «Հայջրմուղկոյուղի» ընկերության գերին: Անցած տարիներին Կապանում, բացի փող հավաքելը, գրեթե ներդրում չի եղել: Չնայած, ամսվա կտրվածքով հավաքվում է շուրջ 30 միլիոն դրամ, և միայն 7 է մնում որպես պահպանման ծախս: Բնականաբար, այսպիսի յուղոտ պատառը էլի տնօրինելու ցանկություն կա: Եվ Կապանի ավագանին օրերս որոշել է ևս 25 տարով պայմանագիրը երկարացնել: Կապանի նախաձեռնող խումբը դեմ է այս որոշմանը և Քաջարանի օրինակով ցանկանում է կառույցը հետ բերել համայնքի ենթակայության ներքո: Այդ նպատակով քաղաքապետի ու ավագանու հետ կազմակերպվեց հանդիպում, իսկ այսօրվանից նաև ստորագրահավաք: Զուգահեռ պարզվեց, որ ընկերությունը գույքի մի մասի համար արդեն ձեռք է բերել սեփականության իրավունք: Ի դեպ, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը իմ հարցմանը ի պատասխան ասում էր, որ «Հայջրմուղկոյուղու» Կապան տեղամասի ողջ գույքը ամբողջությամբ պատկանում է Կապանին, հիմա արդեն կա սեփականության վկայական, որից պարզ երևում է, որ այս պնդումը, գոնե իրավական առումով, սխալ է: Պարզվեց, որ համակարգի ջրահավաք գլխամասերը և վարչական շենքը սեփականության վկայական են ստացել 2010 թվականի հոկտեմբերին, 2004 թվականի կառավարության որոշման հիման վրա /1485Ա 07.10.2004/, սակայն ոչ կառավարության կայքում` https://www.e-gov.am/gov-decrees/calendar/2004/10/, ոչ էլ http://www.arlis.am/ կայքում այդ որոշումը չկա, այդ որոշումը չկա նաև պաշտոնական տեղեկագրում... 
1.Կարծում եմ` Կապանի քաղաքապետը պետք է դիմի դատարան` քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը քաղաքապետարանի հաշվեկշիռ վերադարձնելու և կեղծ փաստաթղերի հիմքեր ստեղծողներին պատժելու պահանջով...
2.Մինչև գույքային հստակության պահը դադարեցնել գույքագող «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ որևէ հետագա համագործակցության բանակցություն....
Հ.Գ. Ստորագրահավաքը շարունակվում է, պայքարը ևս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել