Անկեղծ ասած, հետևելով Երևանի ավագանիում առաջացած նոր սկանդալի ընթացքին, մի տեսակ զավեշտ եմ զգում և միևնույն ժամանակ կարծում եմ, որ այդ ծառայողական մեքենաների շուրջ բարձրացված աղմուկը և ստեղծված իրավիճակը շատ դիպուկ արտացոլում են մեր քաղաքական դաշտի իրական պատկերը:
Նայեք, հերթական սկանդալն է բարձրացել այն փաստի կապակցությամբ, որ ի տարբերություն ավագանու այլ անդամների, «Բարև Երևան» դաշինքի անդամներին սովետական մակնիշի ծառայողական մեքենաներ են տրամադրվել: Սա իրոք սիմվոլիկ է, ընդ որում սիմվոլիզմն արտացոլում է հայաստանյան թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության բնութագիրը... Համենայն դեպս, ինչպես ես եմ այն տեսնում:
Տեսեք, մի կողմից ունենք իշխանական ուժ, որն ամեն կերպ ուզում է նվաստացնել իր օպոնենտներին ու զերծ չի մնում մանկապարտեզի մակարդակի մանր խուլիգանական արարքներից ու ձևական դեմարշներից, ինչը արտահայտվում է նաև նրանով, որ իրենց ավագանու անդամներին տալիս են տոյոտաներ ու այլ օտարերկրյա մակնիշներ, իսկ ընդդիմությանը՝ սովետական մակնիշի մեքենաներ:
Մյուս կողմից ունենք ընդդիմություն, որ մեծ հաշվով ցույց է տալիս, որ Հայաստանում միշտ էլ արդիական է վիշապի ու հերոսի մասին հեքիաթը, երբ հերոսը, սպանելով գանձերը պահող վիշապին, ինքն է վիշապ դառնում՝ գայթակղվելով վիշապի գանձերով, ու պարզում է, որ իր սպանած վիշապն էլ նախկին հերոսն էր, ով սպանել էր նախկին վիշապին...
Ժողովուրդ, լավ, ես չեմ հասկանում՝ ի՞նչ սկզբունքային տարբերություն կա, թե պետությունը ձեզ «Վոլգա՞» է հատկացրել, թե՞ «Տոյոտա»... Ասեմ ավելին, իմ պատկերացումով, ընդդիմությունը ու առհասարակ քաղաքական կուսակցությունը պետք է պայքարի իր նպատակների ու ծրագրի համար՝ անկախ նրանից, թե ինչ մակնիշի մեքենայով է գնում գործի (այն էլ՝ ոչ իր հաշվին)...
Ես իհարկե չեմ պնդում, որ ընդդիմությունը կոնկրետ շահադիտական նպատակներով է հանդես գալիս, համենայն դեպս հաստատ ոչ բոլորն են այդպիսին, բայց ամեն դեպքում էս մեքենաների շուրջ բարձրացած աղմուկը չի սազում առաջին հերթին ընդդիմությանը, քանի որ եթե նրանք իրոք մեքենայի կռիվ են անում զուտ, ապա իրանք պոտենցիալ այն հերոսն են, որը հանգիստ վիշապ է դառնալու, իսկ եթե ուղղակի առիթ է պետք սկանդալ բարձրացնելու, ապա գործ ունենք տրիվիալ քաղաքական պոպուլիզմի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել