
![]() |
Քաղաքական մեկնաբան |
«Բարև Երևան» դաշինքի՝ Երևանի ավագանու կազմում հայտնվելը բավականին աշխուժացրել է մինչ այդ իներտ տպավորություն թողնող նիստերը: Ընդդիմության առկայությունը ոչ միայն առավել զգոն կպահի ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններին, այլև էականորեն կբարձրացնի ավագանու աշխատանքի արդյունավետությունը:
«Բարև Երևան» դաշինքի ակտիվ աշխատանքը և ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին հենց մեկնարկում բազում «տհաճ անակնկալներ» մատուցելը մեզ ստիպեց ևս մեկ անգամ հետ հայացք նետել ավագանու նախորդ՝ 2009 թվականի ընտրություններին, երբ, նախ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը ընդհանուր հայտարարի չեկան ու միասնական ցուցակով հանդես չեկան ընտրություններում, երկրորդ, ավագանում տեղ ապահովելուց հետո, ՀԱԿ-ը հրաժարվեց իր մանդատներից:
2009 թվականին ՀԱԿ-ի ակտիվ ներգրավումը ավագանու ընտրություններում հնարավորություն կտար ոչ միայն ակտիվացնել ու արդյունավետ դարձնել ավագանու աշխատանքը, այլև իր ներդրումն ունենալ ավագանու ինստիտուտի կայացման հարցում: Չէ՞ որ 2009 թվականին ընտրություններն անցկացվեցին նոր օրենքով՝ նոր մոդելի ներդրմամբ:
Մինչ ՀՀԿ ու ԲՀԿ խմբակցությունները փորձում են համակերպվել ավագանիում ընդդիմության ներկայությանն ու անհամար թվացող հարցադրումներին և հայտարարություններին, «Բարև Երևան» դաշինքը գնալով լավ մարզավիճակ է ձեռք բերում:
Ճիշտ է՝ ավագանու առաջին նիստերն աչքի ընկան նաև միմյանց ուղղված քննադատությամբ, ինչ-որ տեղ նաև՝ անձնական բնույթի «փոխհրաձգությամբ» (միմյանց քննադատեցին շոու հրահրելու մեջ), սակայն հույս ունենանք, որ ժամանակի ընթացքում այդ «բառապաշարը» կհղկվի, իսկ կողմեր կփորձեն աշխատել առավել կառուցողական դաշտում:
Տպավորություն կա, թե ՀՀԿ խմբակցությունը չէր սպասում, որ «Բարև Երևան» դաշինքը նման ակտիվություն կդրսևորի, սակայն եթե նկատի ունենանք, որ վերջինիս խմբակցության կազմում բավականին փորձառու գործիչներ են գործում, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում:
Եվ վերջում մեկ դիտարկում ևս. միաժամանակ և՛ խորհրդարանում, և՛ ավագանու կազմում ներկայացված լինելը «Ժառանգության» համար բավականին լավ ռեսուրս է՝ քաղաքական մարզավիճակը պահպանելու և համապատասխան բևեռում հարմար դիրքավորվելու համար: