Երևանի նախկին փոխոստիկանապետ

Լինում է չէ՞, երբ մի միտք մտնում է ուղեղդ ու սկսում տանջե՜լ, սղոցե՜լ, ստիպում խորհել, մտածել, զարմանալ, զայրանալ… Ու զզվելին այն է, որ անօգուտ ու ցավալի, միաժամանակ անելանելի…
Միշտ մտածում եմ՝ լավ, ինչո՞ւ է փողը Աստծո ստեղծածներին կյանքում բաժանում «էլիտարների», VIP-ների, հազար ու մի այլ տականքությունների…Եթե հաստավիզ ես, հաստագլուխ, եթե խաբելով, քցելով, տրորելով կամ բախտի բերմամբ հարստացել ես, եթե ծնողներիդ շնորհիվ շերեփուկից միանգամից, մինչև ալիքի կատարը հասնելը արագ գորտ ես դարձել` չէ, ավելի ճիշտ դոդոշ, ուրեմն դու «առանձնահատուկ ես», դու «յուրահատուկ ես», դու «աստվածատուր ես», դու «կարևոր ես», «ընտրյալ ես», դու…
Դու հասարակության մեջ ունես քո կարգավիճակը` ռեստորանում, սրճարանում, ինքնաթիռում, հիվանդանոցում, համերգներին, հարսանիքներին…Նույնիսկ` գերեզմանոցում… Դու պետք է վայելե’ս, վայելես անկախ քո գանգի, ուղեղի չափերից, ինտելեկտից, մտահորիզոնից… Իսկ մյուսը, որ խելացի է, կիրթ է, զարգացած է, գրագետ է, նա պետք է ամեն տեղ իրեն ստորացված, անօգնական, անտեսված, երկրորդական, երրորդական կարգավիճակում զգա: Մի՞թե սա արդարացի է...
Եթե դու չես խաբում, եթե դու ազնիվ ես, եթե դու ագահ չես, եթե դու մարդկային ես, եթե դու խիղճ ունես, ուրեմն դու անխելք ես, անձեռնահաս, դու «էլիտա» չես, VIP չես…
Չէ, երևի ամեն դեպքում նրանք են ճիշտ, նրանք հաղթող են, նրանք հաղթանակած են, նրանք…
Գուցե ճիշտը նրա՞նք են...
Բայց չէ, գազանը, գիշատիչն էլ են ուժեղ, կարող են հարձակվել, հոշոտել և պատառ-պատառ անել, ուտել, լցնել որովայնը, հաճույքից պայթել… Սակայն, այնուամենայնիվ, նա անասուն է, նա գազան է…
Իսկ մարդուն` իսկական մարդուն, բնորոշ է մարդկային կերպը` ազնվությունը, համեստությունը, գթասրտությունը և մյուս աստվածահաճո արարքները…
Չէ’, ավելի լավ է մարդ լինել, թեկուզ «հոշոտվել», քան թե լինել գազան, անասնակերպ և «հոշոտել» վայրենու նման, երախը արյունոտած…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել