
Օրեր առաջ երևանյան գրախանութներից մեկից գիրք էի գնում՝ ընկերոջս նվիրելու համար: Որոշեցի գնել Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» աշխատությունը: Գիրքը ձեռք բերելուց հետո ինձ մոտեցավ տարեց մի կին և հարց ուղղեց՝ նկատելով Կոստան Զարյանի գիրքը իմ ձեռքում, թե ինչու՞ հենց Զարյան ընտրեցի, ինչու՞մն է Զարյանի առանձնահատկությունը՝ անձամբ ինձ համար: Տարեց կնոջը բացատրեցի իմ ընտրության պատճառը մի քանի խոսքով, սակայն ավելի ուշ փորձեցի ինքս ինձ համար ավելի խորքային ձևով վերլուծել Կոստան Զարյանի առանձնահատկությունները: Իհարկե, յուրաքանչյուր ընթերցող ինքն է գնահատական տալիս գրքին, դրա հեղինակին և դրա բովանդակությանը: Այսպիսի մի փոքրիկ դիտարկում էլ, որպես ընթերցող և Կոստան Զարյանի արվեստի մեծ սիրահար, որոշեցի ես անեմ վերջինիս առանձնահատկությունների վերաբերյալ:
Կոստան Զարյանի առաջին կարևոր առանձնահատկությունը, իմ խորին համոզմամբ, դա այն է, որ նա դաստիարակվել է տարբեր մշակույթներում: Վերջինիս վրա ազդեցություն են թողել ռուսական, հայկական, ֆրանսիական մշակույթները: Միաժամանակ տիրապետելով տարբեր լեզուների՝ բացառիկ հնարավորություն է ունեցել ամեն ինչ դիտարկել համեմատության մեջ՝ չափազանց լավ իմանալով և զգալով այդ մշակույթների տարբերություններն ու դրանց առանձնահատկությունները: Ի տարբերություն մի շարք այլ գրողների՝ այդ զգացումը նրա մոտ շատ խիստ արտահայտված էր: Դա է պատճառը, որ նրա բոլոր աշխատություններում մենք մշտապես հանդիպում ենք նրա այդ համեմատականներին, գնահատականներին, որոնք չափազանց խորքային են, այլ ոչ թե ձևական բնույթ են կրում: Թերևս դրա բացատրությունն այն է, որ թե՛ եվրոպական, թե՛ հայկական և թե՛ ռուսական մշակույթները նրա մեջ ունեցել են բավականին խորն արմատներ: Սա առաջին և հավանաբար ամենալուրջ առանձնահատկությունն է, որ իր հետքն է թողել նրա հարուստ ժառանգության վրա, որ մենք այսօր ունենք:
Երկրորդ կարևոր առանձնահատկությունը Կոստան Զարյանի բացառիկ հայրենասիրությունն է: Հայրենիքի նկատմամբ անսահման սիրո զգացողությունը դրսևորվում և նկատելի է դառնում մեծն վարպետի համարյա բոլոր աշխատություններում: Նա չի կարողանում թաքցնել իր սերն իր ազգի նկատմամբ, անթաքույց ձևով է հիանում իր ժողովրդով և մեծարում նրան՝ մատնանշելով ժողովրդի բոլոր հատկանիշներն ու բնութագրիչները ու դա անում է լավագույն և ճշգրիտ ձևով: Նա շատ լավ տեսնում էր նաև այն խնդիրները, որոնք առկա են իր ազգի մոտ, բայց երբևէ չէր անդրադառնում դրանց՝ ապացուցելով իր սերն ու հավատը սեփական ազգի նկատմամբ: Այդ ընկալումները շատ նուրբ են Զարյանի մոտ, ու դա նրա երկրորդ առանձնահատկությունն է:
Երրորդ կարևոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Կոստան Զարյանն էրուդիտ էր, կիրթ, բանիմաց և խորքային անձնավորություն: Շատ երևույթների մեջ նա կարողանում էր ճշգրիտ բացահայտել դրանց բուն էությունը և տեսնել դրանց ապագան:
Այդ տեսակետից Կոստան Զարյանի աշխատությունները, ասենք «Միացյալ Նահանգները», «Սպանիան» ներառում են այն գնահատականները, վերլուծությունները, որ նա իրականացրել է դեռ անցյալ դարի սկզբում: Այսօր, նայելով դեպի ետ, մենք տեսնում ենք, որ ժամանակն է ցույց տվել, թե ինչքան ճշգրիտ էին նրա գնահատականները, և պատմությունն է ապացուցում այդ գնահատականների ճշգրտությունը՝ բացահայտելով Զարյանի բացառիկ հեռատեսությունը:
Հազարավոր հայրենադարձների նման Կոստան Զարյանն էլ մեծ դժվարությունների էր հանդիպում Հայաստանում: Խորհրդային գրաքննության կանոնները, ինչպես շատերին, այնպես էլ Զարյանին ստիպում էին անընդհատ փոփոխությունների ենթարկել իր վեպերը: Եվ միայն այսօր մենք հնարավորություն ունենք ծանոթանալու վեպերի տարբերակներին: Ինչպես ասենք, արքեպիսկոպոս Օրմանյանը, այնպես էլ Կոստան Զարյանը և հազարավոր այլ մեծեր չէին ընկալվում և չէին ընդունվում ժամանակակիցների կողմից… ժամանակը շատ հաճախ անարդար է գտնվում, իսկ պատմությունը միշտ ամեն ինչ դնում է իր տեղը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան
Հատուկ ԱՐԱՐԱՏ ամսագրի համար