
Համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունները ֆիքսում են հենց իրենց փոխհարաբերությունների նրբություններն իրենց իսկ համար` մեր տարածաշրջանում առկա հանգուցային խնդրի վերաբերյալ: Ամենևին պատահական չէ, որ «Մադրիդյան սկզբունքներ» կոչված խիստ հակասական ու իրարամերժ դրույթներ պարունակող ԼՂ հակամարտության կարգավորման՝ նրանց կողմից առաջարկվող հայեցակարգը իրագործվելու հեռանկար չունի: Հարցի գինը շատ բարձր է, և կարգավորման այս կամ այն եղանակի կիրառման հետևանքներն իրենց ազդեցությունը կունենան շատ ավելի ընդգրկուն աշխարհաքաղաքական համատեքստում: Համանախագահներն իրենց հարաբերությունների հակասականությունն են ներառում այսօրինակ հայտարարություններում, իսկ այդ հակասությունների չհաղթահարված լինելու պատասխանատվությունը ինքնաբերաբար դնում են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների վրա: Այս համատեքստում առավել ուշագրավն այն է, որ գերտերությունների ղեկավարները որևէ կշտամբանք Արցախի ժողովրդին ու իշխանություններին չեն ուղղում` թերևս Արցախը դիտարկվում է որպես հուսո վերջին հանգրվան, որպես մի ատյան, որը իրավասու կլինի մերժել այն համաձայնությունները, որոնք կարող են գրանցվել Հայաստան-Ադրբեջան մակարդակում: