ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը այսօր իր աշխատասենյակում հանդիպել է «Ազատություն» ռադիոկայանի հունիսմեկյան տեսանյութի հերոս 14-ամյա Հովհաննես Հարությունյանին եւ խոստացել լուծել նրա եւ նրա ընտանիքի անդամների կրթության հետ կապված բոլոր հարցերը: 

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հովհաննեսի կրթության, երազանքների, զինվորական դառնալու հեռանկարները:

Արմեն Աշոտյանը խոստացել է հոգալ նրա ռազմական կրթության մասին, օժանդակ պարապմունքներով ապահովել նրա ընդունելությունն ու ուսումը «Փոքր Մհեր» ռազմական ուսումնարանում:

Առաջիկա օրերին կլուծվի ինչպես Հովհաննեսի, այնպես էլ ընտանիքի մյուս դպրոցական երեխաների դասագրքերի հարցը, նախարարությունը կտրամադրի քարտեզներ, գրքեր, բառարաններ, հեռուստացույց, ուսուցողական ֆիլմեր եւ DVD նվագարկիչ: Հովհաննեսը կունենա նաեւ իր երազած շարժական համակարգիչը:

Ինչպես տեղեկացրեց ԿԳՆ Հանրակրթության վարչության պետը, նախարար Աշոտյանը, դիտելով «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութը, հանձնարարական է տվել «գտնել երեխային եւ զբաղվել նրա կրթության հարցերով», ապա որոշել է անձամբ հանդիպել 14-ամյա պատանուն: Այսօրվա հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հովհաննեսի հայրը` Արմեն Հարությունյանը:

14-ամյա Հովհաննեսը գոհ է Կրթության նախարարի հետ իր հանդիպումից, ասում է` ուրախ է, որ Հայաստանի պաշտոնյաների շարքում «գոնե մի հատ խելքը գլխին մարդ գտնվեց»: Նա հույս ունի, որ նախարարը կիրականացնի իրենց տված բոլոր խոստումները: Ամենից շատ ուրախացել է «Փոքր Մհեր» ընդունվելու` արդեն իրականանալի հեռանկարի, ինչպես նաեւ շարժական համակարգիչ ունենալու համար:

Իր հասցեին ուղղված գովեստի խոսքերին ի պատասխան`14-ամյա պատանին խոստացել է ինքն էլ «հուսախաբ չանել» նախարարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել