Моей душе покоя нет.
Весь день я жду кого-то.
Без сна встречаю я рассвет –
И всё из-за кого-то.
Со мною нет кого-то.
Ах, где найти кого-то?
Могу весь мир я обойти,
Чтобы найти кого-то,
Чтобы найти кого-то,
Могу весь мир я обойти!

Կարծում եմ՝ շատերիդ է ծանոթ «Служебный роман» ֆիլմից այս երգը: Վստահ եմ, որ հիմա շատերը խորը հոգոցով մտածեցին, որ այս երգի բառերը ասես իրենց մասին գրված լինեն, իրենց սրտից բխած լինեն: Այս երգի բառերը հոգեհարազատ կարող են լինել միայն այն մարդկանց, ովքեր դեռ չեն գտել կյանքում իրենց երկրորդ կեսին, սպասում են նրան, փնտրում… Իսկ այդ մարդիկ էլ իրենց հերթին լինում են մի քանի տիպի: Առաջինները նրանք են, ովքեր հավատում են ճակատագիր կոչվածին, հավատում են, որ երկրորդ կեսին պետք չէ փնտրել, պետք է միայն սպասել, և եթե ինչ-որ մեկը քո ճակատագիրն է, ապա դու նրան անպայման կհանդիպես: Մյուսները կարծում են, որ պետք չէ սպասել, երկրորդ կեսին պետք է փնտրել և գտնել, դե իսկ գտնելուց հետո էլ գրավել նրա սիրտը և արժանանալ նրա սիրուն: Այս դեպքում հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս և որտե՞ղ են մարդիկ փնտրում իրենց երկրորդ կեսին: Իհարկե, դուրս չեն գալիս փողոց և բղավում «որտե՞ղ ես իմ երկրորդ կես»…քանի որ այդ դեպքում նրա սիրատենչ փնտրտուքներին կարձագանքի լավագույն դեպքում սպիտակ խալաթով կամ էլ ոստիկանի համազգեստով «երկրորդ կեսը»: Եվ քանի որ մարդիկ նման են նաև իրենց երկրորդ կեսը փնտրելու հարցում, ապա քննարկենք երկրորդ կեսին փնտրելու մի քանի տարածված տարբերակներ:

  1. ԽԾԲ - Ինչքան էլ փոխվեն ժամանակները, կյանքը առաջընթաց և զարգացում ապրի, միևնույն է,   Հայաստանում երկրորդ կեսին գտնելու համար անփոխարինելի է «խնամի-ծանոթ-բարեկամ» ամենակարող եռյակը: Դուք կարող եք անգամ չիմանալ դրա մասին, բայց ձեր բարեկամները և ծանոթները ոչ մի «ձեզ համար հարմար տարբերակի» կողքով անտարբեր չեն անցնում: Նրանք ամեն ինչ պլանավորում են, «հարմարեցնում են», դասավորում են, ծանոթացնում են, ամուսնացնում են… Մի խոսքով, ամուսնանալ ցանկացողները կարող են այդ ցանկության մասին ընդամենը ակնարկել իրենց բարեկամների մոտ…
  2. Թերթեր, հեռուստահաղորդումներ և ռադիոհաղորդումներ – Թվում է, թե այս տարբերակով իրենց երկրորդ կեսին փնտրողներ այնքան էլ շատ չեն, սակայն բավական է միայն միացնել հեռուստացույցը կամ ռադիոն, և դուք անմիջապես հակառակի մեջ կհամոզվեք: Եթերները ողողված են «համարս սիրուն աղջիկներին կփոխանցեք» բովանդակությամբ հաղորդագրություններով, իսկ թերթերի ծանոթությունների բաժինները իրենց փնտրտուքները բարձրաձայնող հուսահատ հայտարարություններով:  
  3. Հանգտավայրեր, ժամանցի վայրեր – Այստեղ արդեն կարելի է խոսել երկրորդ կես փնտրողների երկու տիպերի մասին: Առաջինը պրոֆեսիոնալ փնտրողներն են, ովքեր հատուկ պատրաստված, տրամադրված հաճախում են հենց այն վայրը, որտեղ մտադրվել են գտնել իրենց երկրորդ կեսին: Իսկ մյուս տիպը այն մարդիկ են, ովքեր նման վայրերում պատահական, նախօրոք չպլանավորված ծանոթությունների միջոցով գտնում են իրենց կեսին:
  4. Աշխատանքի վայր, ուսումնական հաստատություններ – Շատ են դեպքերը, երբ մարդիկ իրենց հետագա ողջ կյանքի զուգընկերոջ հետ ծանոթանում են աշխատանքի վայրում կամ ուսումնական հաստատությունում, որտեղ միասին սովորում են: Սա բավականին հաջող տարբերակ է, քանի որ մարդիկ միմյանց հետ աշխատելով կամ սովորելով շատ հաճախ հանդիպում են, երկար ժամանակ անցկացնում միասին, հնարավորություն են ունենում ճանաչել իրար: Եվ եթե նրանք նույն աշխատավայրում են կամ ուսումնական հաստատությունում, ուրեմն ունեն որոշ չափով նույն հետաքրքրությունները:
  5. Ինտերնետ – Վերջապես հասանք մեր օրերի ամենատարածված և հայտնի «ծանոթությունների ինստիտուտին»: Այսօր ծանոթությունների ամենաշատ տարբերակները առաջարկողը երևի թե հանդիսանում է ինտերնետը: Հատուկ ծանոթությունների նպատակով ստեղծված կայքերի կողքին են հայտնվել և որոշ չափով այդ ֆունկցիան իրենց վրա վերցրել նաև օրեցօր ավելացող սոցիալական ցանցերը: Բայց սա արդեն առանձին թեմա է, որին մոտ օրերս կանդրադառնամ:

Փնտրեք և անպայման գտեք ձեր երկրորդ կեսերին, որովհետև մեզանից յուրաքանչյուրը հրեշտակ է միայն մեկ թևով և միայն մեր կեսին գտնելով և մեկ ամբողջ դառնալով մենք կարող ենք թռչել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել