Ամբողջ աշխարհում մարդիկ «ապաստան» են գտնում իրենց երկրի պատգամավորների մոտ, իսկ մեզ մոտ, որպեսզի հանկարծ նրանց ջղայնությունը իրենց վրա չթափվի, մարդիկ ուղղակի խուսափում են որոշ պատգամավորներից: Դեռ Հին Հռոմում հայտնի էին դեպքեր, երբ խեղճ մարդիկ, հայտնվելով անելանելի վիճակում, իրենց «պրովինցիաներից» ոտքով ճանապարհ էին ընկնում դեպի Հռոմ և խնդրանքով դիմում էին որևէ սենատորին, այսինքն մեր լեզվով ասած` պատգամավորին:

Եվ գիտե՞ք, թե  ինչն է հետաքրքիր, որ նրանք մեծ մասամբ ստանում էին այն օգնությունը, որի համար ճանապարհ էին ընկել: Բացի դրանից, հարկ է նշել, որ սենատում քննարկումների ժամանակ շատ և շատ սենատորներ անընդհատ բարձրացնում էին անապահովների խնդիրները: Ըստ պատմաբանների` այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ նրանք հատուկ մասնագիտացված էին այդ ուղղությամբ: Նույնիսկ Հռոմի կեսարները շատ անգամ ընդառաջ էին գնում անապահովության հաղթահարման ուղղությամբ նրանց հետևողական առաջարկվող լուծումներին:
Իսկ հիմա Հին Հռոմից վերադառնանք մեր երկիր Հայաստան և տեսնենք, թե  ինչպես է անապահովների մասին մտածում ՀՀ ԱԺ  պատգամավորներից մեկը՝ հանրությանը քաջ ծանոթ Մհեր Սեդրակյանը:

«Հո չեն գնում էնդեղ նախարարներ աշխատում  կամ վարչության պետեր, գնում են բանվորության, մնացեք էստեղ, արեք էդ բանվորությունը»,- այս կերպ է պատասխանել նա «Ա1+»-ի՝ արտագաղթին վերաբերող հարցին: 

Հ.Գ. Ինձ թվում է՝ մեկնաբանությունները այստեղ ավելորդ են, բայց մի բան հաստատ կարող ենք եզրակացնել, որ վերոհիշյալ սենատորների և Մհեր Սեդրակյանի միջև ոչ մի զուգահեռ չկա և չի կարող լինել, քանզի դրանք տարբեր տեսակներ են, և ժամանակը այստեղ ընդհանրապես կապ չունի:

hartak.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել