Presidential candidate Hassan Rohani casts his ballot during the Iranian presidential election in Tehran June 14, 2013. REUTERS/Yalda MoayeriԵրեկ Իրանում կայացավ նախագահական ընտրությունների քվեարկությունը: Մոտ 50 միլիոն քվեներից այս պահի դրությամբ հաշվվել են 5.2 միլիոն քվեաները, և ինչպես հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը, այս պահի դրությամբ առաջատարը Հասսան Ռոհանին է՝ 52.3 տոկոս ձայնով:
Ի տարբերություն Ադհմադինեժադյան պահպանողական թևի՝ Ռոհանին ներկայացնում է ավելի զուսպ քաղաքական թև՝ Իրանի ներքաղաքական ճամբարում և թեև պետք չէ սպասել հեղափոխական փոփոխությունների նրա հաղթանակի դեպքում, այնուամենայնիվ ակնկալվում է, որ նախագահի պաշտոնում Ռոհանին կվարի ավելի մեղմ արտաքին քաղաքականություն և ավելի քիչ կհակադրվի Արևմուտքին: Նրա ծրագրում ընդգրկված է նաև քաղաքացիական իրավունքների փաթեթի ընդունման խոստում՝ Իրանի քաղաքացիների համար:
Ռոհանու մրցակիցներից ամենաշատ արդյունքն այս պահին ցույց է տալիս Թեհրանի քաղաքապետ Մոհամեդ Բաքեր Քալիբաֆը, ով հավաքել է ձայների 17.33 տոկոսը, իսկ մնացած թեկնածուներն էլ ավելի ցածր արդյունք են գրանցել: Սա հետևանք է այն բանի, որ պահպանողական թևը չկարողացավ հանդես գալ ընդհանուր թեկնածուով:
Press TV-ն հաղորդում է, որ քվեարկության մասնակցությունն այնքան բարձր է եղել, որ քվեարկությունը երկարաձգվել է մի քանի ժամով: Արդյունքում, Իրանի նախագահական ընտրություններին քվեարկել է այդ իրավունքն ունեցող քաղաքացիների 80 տոկոսը:
2009 թվականին կայացած նախագահական ընտրություններին հաղթել էր Մահմուդ Ահմադեինեժադը, ով պաշտոնական տվյալներով հավաքել էր 63 տոկոս ձայն, ինչը բերեց ամիսներ տևած ներքաղաքական լարվածության և բողոքի ցույցերի, որոնք դաժանորեն ճնշվեցին իշխանությունների կողմից՝ խլելով մարդկային կյանքեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել