Նորից կրկնեմ – օտար ծագման վիրուսներ, արդեն 2-3 հազար տարի, և առանձնապես՝ վերջին 25 տարին, գրոհել են մեր ինքնությունը: Հայ ինքնությունը: Վիրուսների կրողներն ու տարածողներն են մերազն օտարները - և այդ «գործն» արվում է դաժան հետևողականությամբ: Նշանակետը ազգային մշակույթն է, ոգին…

Հնչում է զորականչը – որտե՞ղ եք, հայրենի ծագման հակավիրուսներ, օգնեցե՛ք մեզ…

Մտնում եմ հայկական հազարատուն-ամրոց, թոնրի շուրթին քույրս է, զարկում և հանում է լավաշները: Նրա փեշերը ալրոտ են, ձեռքերը կոշտ են ու տաք, հողին ծալված ոտքերը լի են խոնջենքով: Երեսս թաթախեի տաք փեշերի մեջ, շնչեի հացի ու կրակի հոտը, ուժ ու ավյուն առնեի… Ահա թե որտեղ են հայկական հակավիրուսները:

Էն բլրի գագաթը ելնեի, էն բարձրիկ աղոթրանին հասնեի, էն անզարդ խաչքարը տեսնեի՝ 9-րդ դարու, մի համեստ շուշփա տանեի, էն գեղջկական մատուռը մտնեի, հետո ելնեի՝ կանաչ աշխարհն ու կապույտ երկինքը գրկիս մեջ առնեի… Ահա մեր հակավիրուսները…

Ապա հայ դպրոց մտնեի, Տերյանի պարզկա լեզուն լսեի, գրադարանի զինվոր-գրքերը շոյեի, մատաղ աղջկա երգած օրորոցայինը լսեի, բակի կանաչների վրա ծնկածալող այրական քոչարին տեսնեի, դպրոցի շուրջը հայ ամրոց-տներ տեսնեի… Ահա մեր հակավիրուսները:

Զորավոր ուժեր, ձեզ կոչեցի, ձեզ ապավինեցի: Ձեզանով պիտի կառուցենք մեր Նոր Երկիրը:

Լեւոն Դռնոյան

15 հունիսի 2003թ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել