Ասկերանի զորամասում խելագարված զինվորի ընտանիքին  ՊՆ-ն 10 հազար դրամ օգնություն է խոստացելԱսկերանի զորամասում խելագարված զինծառայող Հովհաննես Վարդանյանի ընտանիքը օրերս Պաշտպանության նախարարությունից գրություն է ստացել, որով տեղեկացվում է հետևյալը. «Եթե պաշտպանության նախարարության ֆոնդում լրացուցիչ գումար լինի, մենք Ձեզ կարող ենք օգնել 10 հազար դրամով»: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հովհաննեսի հայրը` Վարդան Վարդանյանը:
«Մարդկություն չկա: Ժամանակ չեմ ունենում, որ տանեմ նախարարություն էս թուղթը տամ իրանց ու ասեմ` տաս հազար դրամով դե գնա բուժվի դու», - հավելեց հուսահատված հայրը:

Հովհաննեսին Նորքի հոգեբուժարանում երկար չեն պահել, անմիջապես տարել են տուն: «Մնար ընդեղ, ավելի կխելագարվեր», -փոխանցեց հայրը: Այժմ, հոր խոսքով, տղային տասը օրը մեկ բուժման են տանում հոգեբույժ Բակունցի մոտ ու հույս ունեն՝ լավ կլինի: «Երեխուն տաս օրը մեկ տանում-բերում ենք Բակունցի մոտ, ասում են՝ բուժվելը ժամանակի խնդիր է, տեսնենք: Առանց փող-առանց բան մարդը ասեց՝ կանի», -հավելեց Վարդան Վարդանյանը:

Նրա խոսքով, Հովհաննեսն այժմ 33 հազար դրամ ամսական թոշակ է ստանում, ինքն էլ նոր գործ է գտել ու մի կերպ բազմանդամ ընտանիքը պահում են: Երիտասարդ որդու հիվանդության հետ գրեթե հարմարված հոր համար ամենածանրը անտարբերությունն է: «Անտարբերություն ու վերջ. Նորքի հոգեբուժարանում անգամ վարձը չմուծեցին, ասեցին՝ գնա հաշվեհամարը բեր, կմուծենք, չմուծեցին: Մեծ գումարի մասին չի խոսքը` 180 հազար դրամի մասին ա խոսքը», -ասաց հայր Վարդանյանը:

ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Մերի Սարգսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ասկերանի զորամասում ծառայած Հովհաննես Վարդանյանին բանակում խելագարության հասցնելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճվել է հանցադեպի բացկայության հիմքով:

Նշենք, որ քրեական գործը հարուցվել էր ՀՀ Քր.Օր.-ի 375 հոդվածի հատկանիշներով` «իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը»: Մերի Սարգսյանի խոսքով՝ բանակում ծառայության ընթացքում Հովհաննեսի մոտ ի հայտ էին եկել շիզոֆրենիայի կլինիկական ախտանշաններ: «Հովհաննես Վարդանյանի հայրը նամակ է գրել պաշտպանության նախարարին ու զինվորական դատախազին, որ ինքը գոհ է նախաքննության ընթացքից և որևէ պահանջ չունի», -փոխանցեց ՊՆ քննչական ծառայության սպան:

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ զորամասում խելագարության հասած երիտասարդը անկանոն շարժումներ էր անում, իսկ հայրն ասում էր, որ իր որդին նախկինում առողջական որևէ խնդիր չի ունեցել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել