
Դուրս եկանք խանութից: Խանութի դիմաց մի տարեց մարդ կիտրոն էր վաճառում: Մեր դուրս գալու պահին նա հավաքում էր կիտրոնները մեծ պարկանման տոպրակի մեջ:
-Ի՞նչ արժի կիտրոնը, -շտապեցի հարցնել ես, քանի նա բոլորը չէր տեղավորել տոպրակում:
-Հատը 100 դրամ, -պատասխանեց նա՝ ուրախացած իմ անսպասելի հայտնվելուց:
- Բայց, եթե մի քանի հատ առնես կէժանացնեմ:
-Չէ, հոպար ջան, զեղչ չեմ ուզում, բայց մի երեք հատ կիտրոն ուզում եմ, - ասեցի ես՝ դեռ չիմանալով, թե կիտրոններն ու՞ր եմ տեղավորելու: Բայց դա կարևոր չէր: Կարևոր էր գնել մի քանի հատ...
-Վեց հատը հինգ հարյուրով կտամ, -առաջարկեց նա:
Գրպանումս հինգ հարյուր և հիսուն դրամանոցներ կային: -Լավ, վեց հատին հինգ հայրուր հիսուն եմ տալիս, - «սակարկեցի» ես:
Ու մինչ նա տեղավորում էր կիտրոնները տոպրակում, գրպանիցս հանեցի մետաղադրամները ու մեկնեցի նրան: Բայց նա վերցրեց միայն հինգ հարյուրը: Հիսուն դրամանոցը մնաց իմ ձեռքում:
-Տղաս, դա պահի, կտաս մի կարիքավորի, - արտասանեց այդ մի քիչ աղքատ, բայց շատ հպարտ և առաքինի մարդը...
Կտաս մի կարիքավորի... մինչև հիմա հնչում է իմ ականջներում... Ու ես փորձում եմ կուլ տալ կիտրոնի կտորները, որոնք ոսկորի պես կանգնում են կոկորդիս...
Հեղինակ` Արման Հայրապետյան