Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գործունեությունը քանի գնում, ավելի հետաքրքիր է դառնում: Արդեն պարզ է, որ վերջինս Դատաիրավական ԾԻԳ-ին մեղադրում է Datalex.am համակարգի պատրաստման համար ծախսված գումարի չարաշահման մեջ: Դա էն նույն կայքն է, որ վերջերս դարձել է ոչ միայն տարբեր մակարդակի պաշտոնյաների, այլև լրատվական դաշտի հիմնական գործիքներից մեկը: Էս վերջերս իմացա, որ Համաշխարհային բանկը և Հոլանդիայի կառավարությունը, որոնց կողմից հատկացված դրամաշնորհով է պատրաստվել ծրագիրը, Datalex.am համակարգի գործունեությունը շատ արդյունավետ են ճանաչել և որպես ստացված պրոյեկտ, փորձում են այն կիրառել նաև եվրոպական այլ երկրներում: Բայց արի ու տես, որ Իշխան Զաքարյանը գալիս և մտնում է մատի ու մատանու արանքը և բյուջետային ծախսերը վերահսկելու փոխարեն խալխի գրանտներին ա վայիս լինում:
Բայց պարզվում է, որ Զաքարյանի նման մոտեցումների հիմքում հետաքրքիր փաստեր կան: Բանը նրանում է, որ Datalex-ի ստեղծման գործընթացն սկսվել է դեռևս 2009 թվականին, երբ արդարադատության նախարարը և այս ծրագրի ղեկավարը դեռևս Գևորգ Դանիելյանն էր: Վերջինս Զաքարյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ էր: Բայց վերջերս նրանց միջև սև կատու է անցել: Զաքարյանը անգամ հրաժարվել է հրավիրել Դանիելյանին իր դստեր հարսանիքին: Եվ երկու նախկին ընկերները սկսել են գաղտնի մրցել միմյանց հետ, որը շոուի տեսքով սկսել է ներկայացվել ավելի լայն հանրությանը: Պարզ է, որ Վերահսկիչի նախագահը հիանալի գիտակցում է, որ իր «բացահայտումները» առաջին հերթին վնասելու են իր նախկին ընկերոջը: Դրա համար էլ էսքան հավեսով գործի է անցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել