Որքան էլ պարոդոքսալ հնչի, բայց ինձ համար մի տեսակ անհասկանալի ու անտարամաբանական փաստ է, որ էսօր նշվում է ոչ ավել, ոչ պակաս Բլոգերների միջազգային օրը: Ես ասում եմ սա որպես մարդ, որպես բլոգեր, ով էս ոլորտում ա արդեն 3 տարի ու կհանդգնեմ անգամ ասել, որ հայ բլոգոլորտի երկրորդ սերնդի ներկայացուցիչներից եմ... Ինչևիցե, ասեմ՝ ինչի ա ինձ համար անհասկանալի Բլոգերի օր հասկացողությունը:
Բլոգերը մասնագիտություն չի, բլոգերն անգամ հոբբի չի մեծ հաշվով, որպեսզի դրա համար մի ինչ-որ սիմվոլիկ օր առանձնացվի: Իմ ընկալումով, բլոգեր ասվածը մարդ է, ով թվային տեխնոլոգիաների միջոցով ստեղծված ինչ-որ մի իր հարթակում կարողանում է իր սպեցիֆիկ ոճով ու ձեռագրով իր միտքը, իր սուբյեկտիվ կարծիքը հասցնի հանրության ավելի լայն շերտերի, քան դա կկարողանար անել, եթե նույն միտքն ու կարծիքը փորձեր հրամցներ տպագիր կամ բանավոր տեսքով: Ըստ այդմ, բլոգերի օր նշելը նույնն է, ինչ որ նշես օրագիր վարողի կամ անեկդոտ պատմողի օրը:
Ընդհանրապես, այս օրը ինձ համար արտացոլում է այն, որ առնվազն Հայաստանում բլոգերությունն աղավաղվել է ու մահամերձ է, և դա ունի բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Այսօր, ով Ֆեյսբուքում մի հատ քիչ թե շատ հոդաբաշխ միտք է արտահայտում, արդեն ընկալվում է որպես բլոգեր, ու մեծ հաշվով արդեն ջնջվել է սահմանը 2 տարի առաջվա բլոգեր ասվածի ու սոցցանցի օգտատերի միջև:
Իհարկե, ինքնին ոչ մի սարսափելի բան չկա և գուցե իմ մեջ խոսում է կոնսերվատիվ սկիզբը, և այս տրանսֆորմացիան գուցեև բնականոն է, բայց ես կարող եմ փաստել, որ բլոգերներ-օգտատերերի թվի աճին զուգահեռ ընկել է կոնտենտի որակը, որովհետև տուժել է բլոգինգի ըստ իս առանցքային հիմնադրույթներից մեկը՝ գրել ոչ թե նրա մասին, ինչ «ուզում» են կարդալ, այլ նրա մասին, ինչ դու ես ուզում գրել ու կարող ես գրել:
Ըստ այդմ, շատ կուզենայի, որ մարդիկ, ովքեր իրենց ժամանակն են տրամադրում այս զբաղմունքին, գոնե չհեռանան այս սկզբունքին, չվազեն դիտումների հետևից և հիշեն, որ բլոգերը տարբերվում է բամբասկոտ տատիկից ու դեղին մամուլի ներկայացուցիչներից առաջին հերթին նրանով, որ տեսականորեն նա ազնվորեն ներկայացնում է իր ՍՈՒԲՅԵԿՏԻՎ կարծիքը, որը հիմնված է իր իսկ աշխարհընկալման և արժեհամակարգի վրա, ոչ թե ակնկալվող լայքերի, քոմմենթների և դիտումների վրա...
Հիշեք, անգամ Աստվածաշնչում սկզբում «Բանն» էր՝ ԽՈՍՔԸ, ուստի կարևորեք ձեր ԽՈՍՔԸ և եթե ազնվորեն ու անկեղծ արտահայտեք այն, միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր կլսեն այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել