![]() |
| Քաղաքական մեկնաբան |
Խորհրդարանում ընթացող բյուջեի կատարողականի քննարկումների շրջանակում երեկ ելույթով հանդես եկավ ՀՀ Վերահսկիչ պալատի ղեկավարը: Նա խոսեց տարվա ընթացքում արձանագրված խախտումների, գնումների ոլորտում առկա չարաշահումների և ռիսկերի մասին: Հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Իշխան Զաքարյանից փորձել ճշտել, թե Զաքարյանն ինքն ի՞նչ միջոցներով է կառուցել ՊՆ-ի կողքին գտնվող շքեղ առաձնատունը (վերջինս, ի դեպ, հաստատեց, որ առանձնատունն իրեն է պատկանում):
Տարբեր մակարդակի չինովնիկների ունեցվածքի մասին ճշգրիտ տեղեկատվության առկայությունը շատ կարևոր է հենց միայն այն տեսանկյունից, որ հասարակությունը պետք է համոզված լինի, որ կաշառակերությունից, կոռուպցիայից ու թալանից խոսող պաշտոնյան ինքը այդպիսին չէ:
Իրավիճակն առավել հասկանալի է դառնում, երբ ուսումնասիրում ենք պաշտոնյաների կողմից ներկայացված ունեցվածքի հայտարարագրերը (շատ ժամանակ պաշտոնյաները թաքցնում են իրենց իրական ունեցվածքը): Պետական պաշտոններ զբաղեցրած անձինք, ովքեր ըստ հայտարարագրի ձեռնարկատիրական գործունեությամբ չեն զբաղվել, իրենց բանկային հաշիվների վրա կլորիկ գումարներ ունեն. առանձնատներ, հողամասեր ու բնակարաններ` ողջ հանրապետությունով մեկ:
Երբեմն պաշտոնյաներն իրենց հայտարարագրերում առկա խոշոր գումարները փորձում են արդարացնել բանկային ավանդներից եկող եկամուտներով, ինչը նորանոր հարցեր է առաջացնում: Օրինակ՝ որտեղի՞ց այդքան մեծ գումար, որը որպես ավանդ ներդրվել է բանկում:
Հայաստանում կարելի է հաճախ հանդիպել, երբ պաշտոնյան, ով որևէ ոլորտում ղեկավար պաշտոն է զբաղեցնում, «չգիտես ինչպես», վերածվում է այդ ոլորտի բնական հարստությունները սեփականաշնորհած յուրօրինակ օլիգարխի:
Ցավոք, թալանի, կոռուպցիայի դրսևորումների մասին «ճոռոմ» ելույթները սահմանափակվում են միայն մի քանի փոքր և միջին չինովնիկների նկատողություններով կամ հեռացումներով, ովքեր, ներգրավված լինելով դրանում, հիմնականում կատարել են առավել «մեծ ձկների» հանձնարարությունները: Իսկ համեմատաբար բարձր պաշտոններ զբաղեցնող և «իշխանության վայելքներից» օգտվողները, ում «խրախճանքը» բացահայտվում է, «ստիպված են լինում» սեփական դիմումների համաձայն լքել զբաղեցրած պաշտոնները:
Թալանի ու չարաշահումների դեմ բացառապես կարող են պայքարել այն պաշտոնյաները, ովքեր իսկապես ունեն կամք ու սեփական պաշտոնը չեն ծառայեցնում իրենց ընտանիքների բարեկեցության համար:




