Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկրորդ անգամ երդվեց պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքը, ազնվորեն կատարել քաղաքապետի լիազորությունները:

Սերժ Սարգսյանի` իր համար օրենքից ու Սահմանադրությունից  վեր հրահանգների մասին երդմնակալության տեքստում ոչինչ չկար:

Չատին, Հուդին, Հադին
Քաղաքապետի երդմնակալության նպատակով հրավիրված ավագանու նիստին ներկա էր ավագանու 59 անդամ, այդ թվում` ԲՀԿ-ականները: Բացակայում էին «Բարեւ Երեւան» խմբակցության ներկայացուցիչները: Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ, մարզպետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Այստեղ էին` Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ով ընտրություններից առաջ Տարոն Մարգարյանի համար լավ աշխատել էր` դպրոցների տնօրեններին ցուցակներ հավաքելու ստորացուցիչ պարտականության մեջ դնելով, գազի թանկացումը նոր-նոր հաստատած ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, փետրվարի 18-ի ընտրություններում Սերժ Սարգսյանի համար ձայներ ապահոված գյուղապետներին շնորհակալություն հայտնած Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ճարտարապետ, ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը, ով բոլորից լավ գիտի, թե ինչպես է պատժում կամ «սատկացնում» քաղաքապետը, Ժուռնալիստների միության նախագահ, հանրությանն իր գործով քոռ կոպեկի օգուտ չտված Աստղիկ Գեւորգյանը, մի ամբողջ օր իր մահվան մասին լուրերը հերքած, գեներալ Մանվել Գրիգորյանը, լրագրողի ծնոտ ջարդող Մհեր Սեդրակյանը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորման մասոն նախագահ Ռուբեն ԳեւորգյանցըԱրտաշես Գեղամյանը, ով ժամանակին հայտարարում էր, թե կեղծիքների գործում Սերժ Սարգսյանը Շոստակովիչի պես «մաեստրո» է` «բեմադրող ռեժիսոր» ու «անկրկնելի», այդպես էլ ժամանակին հրաժարական չտվող գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, հայոց հանքերի գիտակ Վարդան Այվազյանը, Երեւանի քաղաքապետարանում տասնյակ միլիոնավոր դրամների չարաշահում հայտնաբերած Իշխան Զաքարյանը, նախկին քաղաքապետ, նախագահական ապարատից մարդ ծեծելու համար տրանսպորտի եւ կապի նախարար նշանակված Գագիկ Բեգլարյանը եւ այլոք: Մի խոսքով, դատելով երկրորդ հարկում նստած Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի դեմքերից` մի տեսակ գաղջ մթնոլորտ էր: Միայն նրանց հարեւանությամբ նստած Գարեգին Բ-ի դեմքն էր խաղաղ, Տիգրան Սարգսյանն էլ` երջանիկ:

Ասք աներձագի
Գաղջությունը փորձում էին ցրել ՀՀԿ-ական պատգամավորները, մտավորականներն ու ավագանու անդամները` իրենց չստացված կատակներով: Դահլիճում բացառիկ լուսավոր կետերից մեկը մաեստրո Տիգրան Մանսուրյանն էր: Միայն նա էր, որ չէր պաչպչվում սրա-նրա հետ, կեղծ ոգեւորություն չէր ցուցադրում, Տարոնի աներձագի հետ ողջագուրվելը պարտադիր պայման չէր համարել: Իսկ Երեւանի մտավորականները հանդես էին գալիս ՀՀԿ-ին ամբողջովին ինտեգրվածի նման, «սվոյի» կարգավիճակով: Ինչ- ինչ, բայց Տարոն Մարգարյանը երկու տարում բացի մայրաքաղաքը ծաղիկներով պատելուց, մի բան էլ է հասցրել կատարել` դա իր աներձագ` թերեւս ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին քաղաքական «էլիտայում» դեմք դարձնելն է: Բոլոր հանրապետականներն էին հատուկ մոտենում ու ողջունում կադաստրի Երեւանի ստորաբաժանման ղեկավարի նախկին տեղակալին: Երբ ՀՀԿ-ականները հերթով դահլիճ էին մտնում, միացված էր երգահան Ռուբեն Հախվերդյանի, ով երկու ամիս առաջ Սերժ Սարգսյանին «Ադրբեջանի հեռավոր մարզից եկած» էր անվանել, ձայնագրությունը. «Ներս արի, ներս արի, ինչ ես կանգնել»: Միակ հանդիսավոր պահը Երեւանի հիմնի կատարումն էր երգչախմբի կողմից, որի ժամանակ պատգամավոր Վարդան Այվազյանը ծիծաղում էր:

Ոչ առանց 90-ականների
Տարոն Մարգարյանն իր երդմնակալության տեքստը կարդաց Երեւանի պատմության թանգարանում ի պահ տրված խորհրդանշական լանջաշղթայով, որը քաղաքապետին հանձնեց կոմպոզիտոր, Երեւանի պատվավոր քաղաքացի եւ ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը: Մարգարյանի կողմից ստորագրված երդմնակալության տեքստը նույնպես ի պահ դրվեց թանգարանին: Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իր ելույթում հայտնեց, թե ինչ էր ասել Սերժ Սարգսյանը` Տարոն Մարգարյանին քաղաքապետի պաշտոնի համար հովանավորելով: «Տարոն, հուսախաբ չանես»,- ըստ Կճոյանի` ասել էր Սարգսյանը: Արքեպիսկոպոսի խոսքով` «մշակը իր վարձքին արժանի է»: Իսկ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով Տարոն Մարգարյանին, ասաց, որ քաղաքապետն իր պաշտոնավարման նախորդ տարիներին իրեն դրսեւորել է որպես համեստ, ազնիվ, մարդամոտ եւ Երեւանի խնդիրներով մտահոգ քաղաքապետ։ Նա նշեց, որ Երեւանում չկան անլուծելի խնդիրներ, կան դժվար լուծվող եւ աշխատանքով լուծվող խնդիրներ։ «Եթե Տարոն Մարգարյանը եւ թիմակիցները շարունակեն վայելել երեւանցիների վստահությունը, ապա նրանք շատ բան կարող են անել»,- ասաց Սարգսյանը։ Նա նաեւ հիշեց, թե ինչպես 90-ականների սկզբներին «Երեւանի բակերում սկսեցին տեղադրվել բազմաթիվ ավտոտնակներ, մարդիկ սկսեցին խաղահրապարակները վերածել բանջարանոցների»: Ելույթներից հետո տոնական ֆուրշետ հրամցվեց, որին, ինչպես նկատեցինք, չմասնակցեց միայն մաեստրո Մանսուրյանը: Նա իրեն հատուկ համեստությամբ լքեց քաղաքապետարանի շենքը: Իսկ ֆուրշետի կեսն անցավ հոսանքազրկված դահլիճում: Երեւի 90-ականները շատ հիշատակելուց էր:

Հակաէկոլոգիկ
Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ բնապահպանության առաջին նախարար Կարինե Դանիելյանը: Աշխարհագրական գիտությունների դոկտորը բազմիցս իր դժգոհությունն է հայտնել Երեւան քաղաքի էկոլոգիայի վերաբերյալ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ էլի գոհ չէ` մայրաքաղաքի ոչ էկոլոգիական, ոչ էլ պատմամշակութային ժառանգության պահպանության վիճակից: «Մի փոքր դրական շարժ կա, բայց ռիսկերը նույնպես աճել են: Ինձ դուր եկավ քաղաքապետի երդման խոսքը: Բայց միգուցե հաջորդ անգամ հնարավորություն լինի, որ քաղաքապետը նաեւ պատասխանատվություն կրի քաղաքացիների առջեւ` կյանքի որակի եւ պատմամշակութային ժառանգության պահպանման համար»,-ասաց տիկին Դանիելյանը: Մանրամասնելով, թե որն է դրական փոփոխությունը եւ որը` ռիսկերի աճը, նախկին նախարարն ասաց. «Սեյսմիկ ռիսկերի աճ կա, քաղաքաշինությունը շարունակում է մնալ հակաէկոլոգիական, հակասոցիալական: Դրականը ակնհայտ կանաչապատման գործընթացի ընդլայնումն է, 20-րդ դարի 30-50-ականների շենքերի կարգի բերումը, ծաղկապատումը»: Իմ հաջորդ հարցին, թե` մայրաքաղաքի էկոլոգիայով մտահոգ գիտնականը հնարավորություն ունենու՞մ է խնդիրները բարձրաձայնել քաղաքապետի մոտ, Կարինե Դանիելյանը պատասխանեց, որ քանի որ ընտրություններն ավարտվել են, պետք է որ Տարոն Մարգարյանի հետ Երեւանի էկոլոգիայի վիճակի մասին «մեծ խոսակցություն» ունենա:

«Բիզնես են արել»
Տարոն ՄարգարյանՈւշագրավ է, թե ինչպես են խոսում Տարոն Մարգարյանի մասին ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը եւ Մանվել Գրիգորյանը: Ալեքսանյանը, լրագրողի հարցին, թե Տարոն Մարգարյանը իսկապե՞ս վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է, ինչպես շատերն են համարում, պատասխանել է. «Այո, լավն ա, որ եկավ շուկաս քանդեց: Ուրիշ քանդող չէր եղել էսքան տարվա մեջ»: Իսկ «Yerkir.am»-ի լրագրողը Մանվել Գրիգորյանին հարցրել է, թե արդյո՞ք նա տարօրինակ չի համարում, որ այդքան երիտասարդ քաղաքապետն արդեն միլիոններ է կուտակել: «Կունենա էլի, ի՞նչ ա եղել... Կարող ա ժառանգություն ա. իրա հերը առնվազն եսիմ քանի տարիներ քաղաքական գործիչ ա եղել, ամեն բնագավառում աշխատած, կոմունիստների ժամանակներից եկած մինչեւ նոր ժամանակներ (...): Մարդիկ պետք է սովորեն, որ փող ունենալը գռեհկություն չէ: Կարող ա՞ Տարոնը մի տարում ա կուտակել էդ փողը (...): Ունեցել են, իրա հերն էլ ա ունեցել: Հիմա մարդիկ բիզնես են արել»,-ասել է Գրիգորյանը:

Հետգրություն
Գաղջ մթնոլորտը եւ բացասական էներգիանԱռանձին թեմա է, թե ինչպես են ամեն անգամ այս կամ այն միջոցառմանը պատրաստվում դիմավորել Սերժ Սարգսյանին: Երեկ քաղաքապետարանի մուտքի մոտ երկար կարմիր գորգ էր փռված, որը մեկ ծածկում էին ցելոֆանով, երեւի որպեսզի առավոտյան ցողը Սարգսյանի կոշիկները չթրջի, մեկ` բացում եւ փոշին մաքրում, ու այսպես մի քանի անգամ: Իսկ անվտանգության աշխատակիցներից մեկը պահանջեց, որ կամ դահլիճ մտնեմ, կամ մուտքից մոտ 15-20 մետր հեռավորության վրա կանգնեմ` պատճառաբանելով, թե Սարգսյանի գալու պահին մուտքը պետք է «մաքուր» լինի: Իմ հարցին, թե ինչո՞վ եմ կեղտոտում, պատասխանեց. «Չէ, ուղղակի պետք է ընդհանրապես մարդ չլինի»: Ահա այսպիսի գաղջ մթնոլորտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել