
![]() |
Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Հայաստանում քաղաքական դաշտ կա՞... Սկսենք նրանից, թե մենք դասական իմաստով լուրջ քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ ունե՞նք...
Կիրթ, բազմակողմանի զարգացած, գրագետ, քաղաքական դաշտում թրծված, կոփված քաղաքական գործիչներին հաշվելու համար երկու ձեռքի մատերն էլ են շատ… Ես կոնկրետ մի քանի հոգու կարող եմ նշել, թե չէ քաղաքական դա՜շտ, քաղաքական ուժե՜ր, քաղաքական գործիչնե՜ր…
Ազնիվ, անկաշառ, անշահախնդիր քաղաքական գործիչների մասին էլ չեմ խոսում… Մանրադիտակով փնտրելու դեպքում անգամ չես գտնի…
Քաղաքական ուժերի մի մասն արդեն նմանվում է ծեծված կամ արհամարհված շան, որը սթրվել է սպասողական կարգավիճակում և մերթընդմերթ հաչում է իր մասին հասարակությանն ու իշխանություններին հիշեցնելու, ինչ-որ տեղից փշրանքներ ստանալու համար: Մյուսները կիսաբիզնես կառույց են, որոշները զգեստափոխվում, անվանափոխվում, կլոնավորվում են՝ մտածելով, որ դա կբարձրացնի իրենց կորսված վարկանիշը, հեղինակությունը, մոռացնել կտա իրենց սխալներն ու բացթողումները: Մի երկուսն էլ անցյալ դարերի փառքի արդյունքներով մի կերպ թիկնալող են տալիս ջրի երեսին…
Կուսակցություն-բուտաֆորիա` ինչքան ուզես… Անհասկանալի, անմեկնաբանելի, աննկարագրելի… Ում են պետք, ում են պետք այդ ընտանեկան, ազգակցական, բարեկամական, կլոնավորված մի քանի հոգիանոց կուսակցությունները: Էլ չեմ խոսում գրանտակեր, անօգուտ, ձևական հասարակական կազմակերպությունների մասին…
Տպավորությունն այնպիսին է, որ մի քանի քաղաքացիական հասարակության համար պայքարող ուժեր, բնապահպաններ ավելի արդյունավետ են գործում եւ պայքարում, ավելի շատ իրական արդյունքներ են արձանագրել, քան շատ ու շատ քաղաքական ուժեր և գործիչներ, որոնց նպատակը բացահայտ իշխանության ղեկին նստելն է, գործող իշխանություններին վարկաբեկելը:
Ես բացարձակապես վստահ եմ, որ նրանց՝ իշխանության գալու դեպքում ոչինչ էլ չի փոխվելու` գուցե մի քիչ վատ, մի քիչ լավ…
Ցավոք, ընդհանուր միջավայրն է այդպիսին, արժեհամակարգն է աղճատված, ձևախեղված` դեռևս նույնիսկ խորհրդային տարիներից…