Այս էլ քանի անգամ ՔՊ-ական պատգամավորները հեռուստահաղորդումների ընթացքում հայտարարում են, թե իրենք «իշխանություն» չեն, «իշխող ուժ» չեն, այլ՝ ընդամենը «կառավարող ուժ»: 

Ստիպված եմ որոշ այբբենական ճշմարտություններ հիշեցնել: Օրինակ՝ մի՞թե ՔՊ-ականներին հայտնի չէ, որ իրենք «օրենսդիր իշխանություն» ներկայացուցիչներ են, որ Ազգային ժողովն «իրականացնում է օրենսդիր իշխանությունը» (ՀՀ Սահմանադրություն, հոդված 88, մաս 2) և այլն:

Երբեմն որպես փաստարկ վկայակոչվում է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածը, սակայն սխալ մեկնաբանությամբ: Այո՛, ասված է՝ «իշխանությունը պատկանում է ժողովրդին», նաև որ «ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է» ընտրությունների, հանրաքվեների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց միջոցով, բայց, ի տարբերություն հին հունական քաղաք-պետություններին բնորոշ անմիջական ժողովրդավարության, ժողովուրդը չի կարող անմիջապես մասնակցել կառավարմանը, այսինքն՝ անմիջականորեն իրականացնել իր կամքը: Ներկայացուցչական ժողովրդավարության առանձնահատկությունն էլ այն է, որ քաղաքացիներն իրենց իշխանության տնօրինումը որոշակի ժամանակով հանձնում են ազատ ընտրությունների արդյունքով հաղթանակ տարած քաղաքական ուժին: 

Հիշեցնեմ նաև, որ «իշխանության» կայունացած ըմբռնումը խարխսվում է Մաքս Վեբերի հայեցակարգի վրա: Ըստ այդմ՝ «իշխանությունը» սուբյեկտի (անհատ, խումբ, կազմակերպություն, խավ) հնարավորությունն է՝ որոշակի հանրույթի շրջանակներում (խումբ, ընտանիք, խավ, կազմակերպություն, հասարակություն) իրականացնելու սեփական կամքը: 

Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ, ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունը լիովին և բացահայտորեն ենթակա է ՔՊ-ի կամքին: Նույնն էլ՝ դատական իշխանության մասին (ձևականորեն՝ անկախ): Ամբողջ պետության ծավալով իշխանության սուբյեկտն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է:

Լավ կլինի, որ ՔՊ պատգամավորներն օր առաջ գիտակցեն, որ իրենք իշխանության սուբյեկտն են, այլ ոչ թե մեկ այլ սուբյեկտի կամքը կատարող, այլապես եթե իրենց ասածը համապատասխանում է իրականությանը, ապա անխուսափելիորեն ստիպված ենք ենթադրել մեզ անհայտ իշխանական սուբյեկտի գոյություն մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել