Հայ ընտանիքի, հայ կնոջ մասին առանձին դատողություններ, ուշագրավ մտքեր հանդիպում են հայ շատ հեղինակների մոտ: Ընտանեկան դաստիարակության և հատկապես մոր դաստիարակիչ դերի հետ է կապում Գարեգին Նժդեհը հայոց ապագայի կերտումը. գերագույն է մոր՝ հոգեփոխված և ցեղայնացած հայ կնոջ առաքելությունը՝ «Նա կոչված է իր երեխայի դաստիարակության միջոցով կառուցելու իր ցեղի ապագան»: Դպրոցական դասագրքերը հաճախ են մեջբերում Մուրացանի ձևակերպումը. «Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ. սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ»:
Այսօրինակ դրույթները ոչ միայն տեսական-ճանաչողական, այլև գործնական նշանակություն ունեն և հաջողությամբ կարող են կիրառվել հայոց ընտանեվարության խնդիրների լուծման մեջ: Բացի այդ՝ հայ ընտանիքի կենսագործունեության նպատակասլաց կառավարումը պետք է խարսխվի գիտական ուսումնասիրությունների վրա, որոնք մեզանում, կարելի է ասել, գրեթե բացակայում են: Բացառությամբ ազգագրական հատուկենտ աշխատությունների՝ հայ ընտանիքի վերաբերյալ շատ քիչ բան կարող ենք քաղել հոգեբանությունից, սոցիոլոգիայից, բարոյագիտությունից, մանկավարժությունից, այլ գիտաճյուղերից: 
Հնարավոր չէ լիովին ճանաչել արդի հայ ընտանիքը, գնահատել այն հայկականության չափանիշներով, ուրվագծել ընտանիքի ապագան և նամանավանդ ձևավորել այդ ապագան, եթե մենք ընտանիքը դիտենք մեկուսի, հասարակության մյուս բնագավառից անջատ: Քաղաքական կյանքը, կառավարման համակարգը, աշխատանքի ասպարեզը, ժամանցի ոլորտը, կրթությունը, անհատի և հանրության կենսագործունեության մնացած բոլոր բնագավառները ուղղակի կամ միջնորդավորված առնչվում են ընտանիքին: 
Ամենակարևորն այն է, որ այդ առանձին բնագավառները, ըստ էության, միևնույն գործող անձանց տարբեր դերակատարումներն են: Ընտանիքը ճիշտ ըմբռնելու համար հատկապես այս մոտեցումն է առավել արգասաբեր: Տղամարդը և կինը ոչ միայն ամուսիններ են, հայր ու մայր, նրանք բազում ընկերային դերեր էլ են կատարում՝ քաղաքացի, աշխատակից, զրուցակից, հաճախորդ, գնորդ, ընկեր, հարևան, ղեկավար, ենթակա, անցորդ, ընտրող և այլն: Սեռային վարքի՝ կնոջ և տղամարդու դերերի վերլուծությունը բանալի է թե ընտանեկան, թե արտաընտանեկան աշխարհն հասկանալու համար...
Սեռային վարքի առումով հոգեբանությունն առանձնացնում է մարդկանց հինգ տեսակ.
ա. Զուտ տղամարդ, որի մեջ առավել խտացված են այրական հատկանիշները՝ ֆիզիկական ուժ, քաջություն, համառություն, նպատակասլացություն, պատվախնդրություն, հաստատակամություն, վճռականություն և այլն,
բ. Զուտ կին, որն իր մեջ խտացնում է կանացի հատկանիշները՝ նազանք, հեզություն, համբերատարություն, հոգատարություն, հանդուրժողություն, սեթևեթանք, ճկունություն, նվիրվածություն և այլն,
գ. Կին, որի մեջ գերակշռում են այրական հատկանիշներ,
դ. Տղամարդ, որի մեջ գերակշռում են կանացի հատկանիշներ
ե. Անդրոգեններ, կանայք և տղամարդիկ, որոնց մեջ իգական և արական հատկանիշները մոտավորապես հավասարաչափ են բաշխված: Տարբեր երկրներում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց մեկ երրորդը անդրոգեններ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել