Գազի սակագնի շուրջ կրքերը կարծես թե քաղաքական նոր դաշտ են մտնում:

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ գազի սակագների բարձրացմանը` հիշեցնելով. «Հայտարարեցիք, որ Իրանը մեզ գազ է մատակարարում Ռուսաստանից շատ ավելի բարձր գներով, և այդ գինն աճելու է: Իսկ խողովակաշարը, որը գազ է մատակարարում Հայաստանին, լիովին բավարար է մեր կարիքներն ապահովելու համար»:

Այնուհետև պատգամավորը տեղեկացրեց, որ օրեր անց «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին հայտարարել է, որ Իրանը Հայաստանին առաջարկում է գազ Ռուսաստանից շատ ավելի էժան գնով:

Արզումանյանը պարզաբանում խնդրեց էներգետիկայի և բնական պաշարների նախարարից` թե արդյոք վերջինս պնդում է, որ Ռուսաստանն է ամենաէժան գազամատակարարը Հայաստանին. «Եթե այո, ապա ինչո՞ւ է ստում Իրանի դեսպանը, և եթե ոչ, ապա ինչո՞ւ եք դուք մեզ թյուրիմացության մեջ գցում»:

Արմեն Մովսիսյանը պնդեց իր նախորդ տեսակետը: Ավելին, նա հայտարարեց, որ ռուսական կողմի հետ ընթացող բանակցությունների ընթացքում ինքը նաև բանակցություններ է վարել Իրանի գազի ազգային ընկերության տնօրենի, փոխնախարարի և նախարարի հետ` Հայաստան մատակարարվող գազի վերաբերյալ. «Պնդում եմ` նրանք չեն կարող մեզ ավելի էժան գազ տալ, քան առաջարկում է ռուսական կողմը»:

Ինչ վերաբերում է դեսպանի հայտարարությանը, ապա նախարարն անձամբ դեսպանի բերանից դա չի լսել, բայց եթե նա իսկապես նման բան ասել է, ապա, Մովսիսյանի գնահատմամբ, դեսպանն ուղղակի չի տիրապետել իրավիճակին:

Արձագանքելով նախարարին` Արզումանյանն ասաց. «Ես էլ անձամբ չեմ տեսել բերանը բացել-փակելուց, ցիտում եմ լրատվամիջոցից»:

Պատգամավորի կարծիքով` Հայաստանի արտգործնախարարը պետք է համապատասխան զրույցի հրավիրի Իրանի դեսպանին և բացատրի, որ չի կարելի հասարակությանը թյուրիմացության մեջ գցել նման հայտարարություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել