
1919-21 թթ. Զանգեզուրում կռված Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը, ոչ ցեղակրոն էր և ոչ այլ դավանանքի տեր անձնավորություն: Նա հրամանատար էր, որ նշանակվել էր կառավարության կողմից, և որը օգտագործում էր այն ամենը, ինչ կարող էր՝ իր առաքելությունը հաջողությամբ պսակելու համար: Եվ եթե նա հանդես գար ոչ թե հրաման արձակող անձի, այլ այն սկզբում իմաստավորողի, իսկ այնուհետև արձակողի դերում, ապա կարծում եմ, որ Զանգեզուրն այսօր հայկական չէր լինի: Ասվածը չի նշանակում, թե հրաման արձակելիս չի գնահատել իրադրությունը, բայց դա այն չէ, ինչ այսօր վերագրվում է իրեն: Իր հաղթանակները իմաստավորել Նժդեհը փորձեց շատ ավելի ուշ, այն տարիքում, երբ զարմանում ես, թե ինչպես է քեզ հաջողվել անել այս կամ այն բանը, և փորձում ես բացատրություն գտնել դրան: Սա նշանակում է, որ այսօր գործող իշխանության և թե ինքներս մեր դեմ որևէ հաջողության հասնելու համար պարտադիր չէ ցեղակրոն լինելը: Եվ հենց այն հանգամանքը, որ ցեղակրոն ուսմունքի վրա կառուցված ՀՀԿ-ն իր գործունեությամբ այսօր բացարձակ որևէ կապ չունի իր գաղափարական հենքի հետ, ցույց է տալիս, որ կյանքում այն անհաջողության էր մատնվելու: Եվ այս հարցում նշանակություն չունի, որ ՀՀԿ գործող նախագահը որևէ առնչություն չունի տվյալ ուսմունքի հետ: Եթե ուսմունքն ինքը դիմանար կյանքի փորձությանը, ապա նրա նախագահը կլիներ հենց տարոնական և պետական կառավարումը կկազմակերպեր այդ ոգով, կամ ՀՀԿ-ն չէր լինի կառավարող կուսակցություն: