
Հայաստանը ներկայումս շատ յուրօրինակ աշխարհաքաղաքական դիրքեր ունի` դրանք միաժամանակ և շատ խոցելի են, և լուրջ ու դեռևս չգործարկված ներուժ են պարունակում: Մի տեսակ վարժվել ենք, որ բոլոր հարևաններն ու ռուսիա-եվրոպա-ամերիկաները մեզ խեղճ ու աղքատ անբանի տեղ դրած կշտամբում են ու մատ թափ տալիս մեզ վրա: Թուրքիան ասում է, որ պետք է մոռանանք Եղեռնի ու իր հանդեպ ունեցած տարածքային պահանջների մասին, և այն ժամանակ սահմանը կբացի ու մեզ շունչ քաշելու, Արևմուտքի հետ հաղորդակցվելու հնարավորություն կտա: Ադրբեջանն ասում է, որ պետք է մոռանանք Արցախի անկախության մասին ու ԼՂՀ-ն եղած-չեղածով հանձնենք իրեն, ու այդ ժամանակ մեզ հնարավորություն կընձեռնի մասնակցել էներգակիրների տարանցման նախագծերին: Վրաստանը համարում է, որ մեզ ինքը շատ ավելի է անհրաժեշտ, քան մենք իրեն, որովհետև նա արտաքին աշխարհի հետ մեզ կապող, ըստ էության, միակ ճանապարհն է, իսկ Հայաստանն, առայժմ, տրանսպորտային փակուղի է: Իրանն ասում է, որ իրեն ոչ մեր էլէկտրաէներգիան է հարկավոր, ոչ էլ մեր երկու երկրները կապող երկաթուղին`մեր դժվարությունները հաշվի առնելով են ընդառաջում մեզ, այն էլ մենք տեղներիցս չենք շարժվում, որ իրենց լավությունը տեղ հասնի: Ռուսների պարագայում ամեն բան հստակ է`ասում են` իրենք որ ձեռքները մեր գլխից վերցնեն, կորած ենք: Ամերիկա-եվրոպաներն էլ համոզված են, որ մեր փրկությունն այն կլինի, որ ռուսները ձեռքները մեր գլխից վերցնեն ու մինչ այդ մենք իրենց հետ շատ հույս չկապենք: Մենք ենք, որ բան չենք ասում դեռ, թեև, իրականում, կարող է ստացվել այնպես, որ մեզ խեղճացած տեսնելու համար հիմքերն իրենց ուզած չափով ամուր և անառարկելի չեն: