
Հայաստանում բռնության մակարդակն ավելանում է: Հիմա վիճակագրական տվյալներ չունեմ (ճիշտն ասած՝ ասելիքիս շրջանակներում դրանք պետք էլ չեն) ու չեմ կարող պնդել, թե արդյո՞ք սպանությունով լուծվող բռնությունների քանակն էլ է ավելացել: Համենայն դեպս, այդ մասին (սպանությունով լուծվող բռնությունների) ավելի շատ են խոսում, քան առաջ էր, ինֆորմացիոն համակարգերում անընդհատ սպանությունների մասին փաստեր են շրջանառվում, ու այս ամենը ֆիքսվում է հանրային գիտակցությունում: Ասել է թե՝ անկախ անգամ այն բանից, թե սպանությունների քանակն օբյեկտիվորեն ավելացել է, թե ոչ՝ բռնությունների ու առավել ևս սպանությունով լուծվող բռնությունների գործոնն այսուհետ հանրային իրողություն է ու լրջորեն ներազդում է սոցիալական փոխազդեցությունների հարթությունում: Ճիշտ է, «զանգվածային գիտակցությունում» զանգվածային լրատվամիջոցների փոխանցումով ֆիքսվում է ոչ թե բռնությունների ընդհանուր մակարդակի աճը (որ հետո կարող է ռեֆլեքսիաների ու փորձի հիմք դառնալ), այլ կոնկրետ սպանություններ՝ սկանդալներ, բայց սա արդեն առանձին թեմա է, ինչի մասին խոսել եմ նաև «Հեղափոխությունը ես եմ» հոդվածում (տես ցածը կամ prm.am կայքում):
Ինչու՞ է այսպես, ինչու՞ է բռնությունների մակարդակն ավելացել:
Փորձեմ գոնե մասնակիորեն պատասխան գտնել այս հարցին:
1. Հանրային գիտակցությունում որպես պատճառ ու, երևի թե, միակ պատճառ՝ ֆիքսվում է ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆ շատ լայն ու բազմակի ինտերպրետացիաներ ենթադրող հասկացությունը: Միանգամից ասեմ՝ ես նույնպես ՀԱՄԱՁԱՅՆ եմ այս տեսակետին: ՀԱՄԱՁԱՅՆ եմ: Հա, կա նման բան, ու այն կարևորագույններից է: Փորձեմ միայն կոնկրետացնել այդ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆ ասածի դետալները.
- Իրավապահպան համակարգը, դատարանները ուղղորդվում են ըստ քաղաքական կամ այլ (պարտիական, խմբակային, կոռուպցիոն) նպատակահարմարության: Եվ հակառակը՝ քննադատությունը, հանրային ուշադրությունը նույնպես ուղղորդվում են ըստ քաղաքական նպատակահարմարության: Ասել է թե՝ իրավական պրոցեդուրան չի հարգվում և ոչ մի կողմից:
- Բուն իրավապահպան համակարգը տարբեր պատճառներով (այդ թվում՝ պրոֆեսիոնալիզմի սակավության) չի ընկալվում որպես անաչառ:
- Նույնը վերաբերում է դատարաններին:
Ուրեմն այսպես՝ այս ամենը կարևոր՝ շատ կարևոր է, բայց մակերեսին են ու ավելի շատ հետևանքներին են վերաբերում, քան պատճառներին:
Մի քանի փաստ.
Հարևան Վրաստանում Մ. Սահակաշվիլին փորձում էր փոխել/բարեփոխել վերը թվարկած բոլոր գործոնները: Արդյունքում՝ նախկին բռնացողների համերաշխություն ստեղծվեց, որն էլ ընտրողների կամքով հաղթեց վերջին ընտրություններում:
Կամ մեզ մոտ. բռնությունների համակարգի մաս կազմող շատերը (Օսկանյան, Ջհանգիրյան, մի քանի օդիոզ դատավորներ) որոշ ժամանակ անց ներկայանում են որպես բռնության զոհ ու որպես այդպիսին ֆիքսվում հանրային գիտակցությունում... և այլ: Ասել է թե՝ սահմանները լուծարվում են, և ինտերպրետացիաների անսահման դաշտ է բացվում:
2. Բնական էր, որ անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանում իշխանություն են ունենալու ագրեսիվ անհատներն ու խմբերը: Սա այսպես է, իրողություն է, ու հիմա էլ այն սոցիալական ու քաղաքական փոխազդեցությունների վրա ներազդող կարևորագույն գործոն է:
Կարելի էր ենթադրել, որ լուծումը պարզ է՝ պետք է ագրեսիան մերժվի որպես այդպիսին, դրա դեմ իմունիտետ ստեղծվի: Բայց իրականում հակառակն է՝ Հայաստանում ագրեսիա են քարոզում և իրացնում բոլորը՝ հանրությունը, այսպես ասած քաղաքացիական ակտիվիստները, քաղաքական ուժերը՝ լինեն դրանք իշխանությունում թե ընդդիմությունում, ԶԼՄ՝ ԲՈԼՈՐԸ... Դա դառնում է մշակույթ:
Սա արդեն մակերեսին չէ:
3. Հանգամանքների բերումով սոցիալական տարբեր խմբերում ու շերտերում հաճախ ՉԳՐՎԱԾ օրենքներն ավելի զորեղ էին որպես սոցիալական կարգավորիչներ, քան թե, ասենք, գրված օրենքները: Ամենակարևորը՝ այդ կարգավորիչները հաճախ թաբուները պահելու նշանակություն ունեին ու իրացվում էին նույնպես ոչ ֆորմալ կարգադրիչների միջոցով:
Բնական է նաև, որ ժամանակի ընթացքում այս՝ չգրված օրենքները կորցնում են իրենց ուժը, ու դրանք իրացնողներն էլ կազմալուծվում են: Հիմա Հայաստանում նման մի ընթացք կա: Հին շատ բան այլևս արդյունավետ չէ կամ չկա, բայց խնդիրն այն է, որ նորն էլ դեռ չի ստեղծվել:
Ամենացայտունն այս առումով բանակն էր. խոսքը վերաբերում է «дедовщина» կոչված համակարգին: Հա, այն նաև բռնությունների համակարգի մաս էր, բայց մյուս կողմից էլ՝ լուրջ կարգավորիչ ֆունկցիա ուներ բանակում՝ հիմա այն գործնականում չկա: Ես կոչ չեմ անում վերադառնալ ասածս համակարգին: Իհարկե ոչ, բայց դրա փոխարեն այլ կարգավորիչներ են պետք, թեկուզ նման մի բան, բայց արդեն կանոնակարգի շրջանակներում՝ օրինականացված:
4. Հայաստանում փոփոխություններին համընթաց իշխանության կենտրոններ են վերանում, կամ դրանց ազդեցությունն է թուլանում: Իմ հոդվածներին հետևողները գիտեն արդեն, որ ես իշխանություն եմ համարում բոլոր այն կենտրոնները, որ մյուսներից առավել մեծ հնարավորություն ունեն կարգավորել նշանների ու ֆորմաների շրջանառությունը (դե, սա իմ հայտնագործությունը չէ):
Ահա՝ իշխանության կենտրոն են, օրինակ, ավանդույթն ու հեղինակությունը: Սրանք չգրված օրենքները (այդ թվում՝ թաբուները) պահողներն են: Հիմա այս կենտրոնների նշանակությունը փոքրանում կամ վերանում է, ու դրանց փոխարեն նոր սոցիալական ու մշակութային կարգավորիչներ դեռ չկան:
Կարելի է ևս մի քանի դրույթ բերել, բայց սկզբի համար, կարծում եմ, այսքանն էլ բավական է: