Այն, որ Հայաստանի ազգային հավաքականը հաղթելու է Մալթայի թիմին, գրեթե ոչ ոք չէր կասկածում: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, և բազմիցս ենք ականատես եղել խոշոր սենսացիաների, սակայն այդ ամենն էլ գիտակցելով՝ քչերն էին հավատում, որ Հայաստանը կարող է սեփական հարկի տակ զիջել փոստատարներով ու հրշեջ ծառայության աշխատակիցներով համալրված Մալթային, որի կազմում միայն մեկ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր հայտավորված: Մերոնց հաղթանակին հավատում էին նաև բուքմեյքերական ընկերությունները՝ Մալթայի հնարավոր հաջողությանը տալով 13 գործակիցը: Արդյունքում ստացվեց այնպես, որ դա աշխատեց, սակայն, ում օգտին, վստահաբար ասել չենք կարող: Դրանից չորս օր անց Հայաստանի ազգային ընտրանին հյուրընկալվեց Դանիային: Այստեղ պատկերը լրիվ փոխվել էր: Արդեն բացահայտ առավելություն ունեին դանիացիները, դե, իսկ բուքմեյքերներն էլ իրենց հերթին, հավատալով Դանիայի ազգային թիմի հաջողությանը, նույն 13 գործակիցը սահմանել էին Հայաստանի հավաքականի հնարավոր հաղթանակի համար: Ինչպես գիտեք, Հայաստանը պարզապես ջախջախեց Դանիային 4:0 հաշվով: Արդյունքում աշխատեց այդ չարաբաստիկ 13 գործակիցը: Այս դեպքում վստահաբար կարող ենք ասել, որ այն աշխատեց միայն ու միայն հաղթողի օգտին: Մյուս կողմից պետք է փաստենք, թե խաղադրույքների քանի սիրահարների գյոզալ էքսպրես տոմսեր վառվեցին գրանցված արդյունքների պատճառով: Ինչ վերաբերում է առավել «հեռատեսներին» ու «խելացիներին», ապա միանշանակ պարտավոր ենք ընդգծել վերջիններիս կողմից խփած «գոլը» կամ 13x13=169. էս ի՜նչ խաղեր եք տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել