Պետք չէր, իհարկե, Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դանիական հաղթանակը մի նոր Սարդարապատի վերածել, բայց տարրական հարգանք ու գնահատություն պետք էր մեր ֆուտբոլիստներին՝ մանավանդ, երբ Մալթայի հետ խաղից հետո մեր հավաքականն ապացուցեց, որ օժտված է բարոյահոգեբանական բարձր հատկանիշներով... Բայց ահա Զվարթնոց օդակայանում թիմին դիմավորելու էր եկել մոտ երկու տասնյակ մարդ... Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի որևէ ներկայացուցիչ չկար օդակայանում... Գուցե սպորտի պատասխանատուների համար այս հաղթանակը նշանակություն չուներ, գուցե Նեմեցը թքած ուներ գլխավոր հավաքականի հաջողության վրա, բայց ու՞ր էին մյուսները, ինչու՞ որևէ մեկը տոնի չվերածեց ֆուտբոլիստների վերադարձը հենց նրանց համար... Արդեն իսկ այս վերաբերմունքը հուշում է, որ մեր սպորտի և երիտասարդության նախարարության, նրա ֆուտբոլի վարչության համար կարևորը ոչ թե թիմերն ու հավաքականն են, այլ՝ իրենց պաշտոնները...
Փոքր ազգերը մեծ ուրախություններով են ապրում, իսկ մեր հավաքականի դանիական հաղթարշավը կարևորագույն իրադարձություն է ոչ միայն մեր, այլև սփյուռքահայերի համար, դա ինքնության հաստատման մի վկայություն է ևս... Ուստի, պատշաճ վերաբերմունք և հոգածություն էր պետք: Կարծում եմ, որ հատկապես այս վերաբերմունքից հետո անհրաժեշտ է, որպեսզի խստորեն դրվի Ռուբեն Հայրապետյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռանալու հարցը: Եվ ոչ միայն այս հարցում: Հայաստանում սիրողական ֆուտբոլը մատնված է անտերունչության, ակումբային ֆուտբոլի վիճակն էլ բարվոք չէ:
Գուցե զարմանալի թվա, որ թատերագետն է անդրադառնում ֆուտբոլի խնդիրներին, բայց ֆուտբոլն այն բացառիկ մարզատեսակներից է, որը կարող է մեզ համար անցաթուղթ դառնալ ողջ աշխարհում: Ուրեմն, մտահոգվել և մտածել է պետք: Իսկ մեր հավաքականի անդամներին մաղթում եմ ուժ և եռանդ և նաև խնդրում, որ իրենց նեղվածությունն ու դժգոհությունները չարտահայտեն խաղի ժամանակ: Դրա համար տեղեր կան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել