Ազգային ժողովի օրակարգում ներկայացված Դիլիջանում միջազգային դպրոցի կառուցման վերաբերյալ ծրագրում բազում անհասկանալի և ստվերային ենթատեքստեր են առկա: Ըստ ՀՀ Կառավարության՝ տնտեսության զարգացման գլխավոր երաշխիքներից մեկը օտարերկրյա ներդրումային ծրագրերն են, որոնք իհարկե ողջունելի են: Կրթական առումով ծրագիրն անառարկելի է, եթե իհարկե ներգրավվեն այդ ոլորտում պրոֆեսիոնալ մասնագետներ, և ուսումն իրականացվի միջազգային ստանդարտներին համապատասխան որակով: Ծրագիրը նաև դրական եմ գնահատում Հայաստան -Սփյուռք համագործակցության համատեքստում, ինչը ենթադրում է խորը մարդկային արտահոսքին զուգահեռ ինտելեկտուալ հզոր ներհոսքի հնարավորություն:
Սակայն ինչու՞ հենց այս նախագծի արդյունքում մենք ունեցանք հարկային արտոնություններ տալու հնարավորություն և կոնկրետ չգիտենք, թե ինչի համար... Մինչդեռ արդեն երկարատև ժամանակ է, ինչ ՓՈՐՁԵՐ են արվում հարկային որոշակի պարտավորություններից ազատել Հայաստանում գործող ՀՀ քաղաքացիների կողմից իրականացվող միջին տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը:
Ամբողջ աշխարհում որակյալ ուսումը թանկ արժե, և զարմանալի չէ, որ հիմնադիրները շեշտը դնում են սոցիալապես ապահով կարգավիճակում գտնվող շերտի վրա, սակայն կառաջարկեմ նաև, որպեսզի Կրթության և գիտության նախարարությունը անձամբ վերահսկի այս գործընթացն ու հնարավորություն տա անապահով ընտանիքների երեխաներին պետբյուջեի հաշվին ուսանել այդ դպրոցում:



