«Հայկական ժամանակ» թերթը ուշագրավ դրվագ է ներկայացրել, որը տեղի է ունեցել երեկ օդանավակայանում: Թերթը գրում է.
Մոտ մեկ տասնյակ հաստ վզերով անձինք տասնյակ թանկարժեք ջիփերով սպասել են Մոսկվա-Երեւան չվերթի ժամանմանը։ Բոլորին հետաքրքրել է, թե այդ ինչ կարեւոր պաշտոնյայի են սպասում վերոնշյալները։ Եվ ահա օդանավակայանի VIP սրահից դուրս է եկել ինքը՝ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին՝ «սիպտակ կաստում շլվարով»՝ գլուխը խիստ բարձր, թիկունքը՝ ետ գցած, խիստ ինքնագոհ կեցվածքով։ «Ինշշշ կա՞»,- իրեն դիմավորողներին հեռվից նետել է երիտասարդ Նազարյանը։ Թե ինչու է նա այդքան թիկնապահ պահում, դժվար է ասել։ Երեւանի նախկին ոստիկանապետի որդին, փաստորեն, այդկերպ ծախսում է իր հոր՝ արդար քրտինքով վաստակած միլիոնները»:
Սա է մեր «էլիտայի» աճող սերնդի դեմքը, ու չկասկածեք, որ եթե ինչ-որ կտրուկ փոփոխություններ չլինեն, հենց Ներսիկ Նազարյանի որդու պես արարածներն են իրենց «Ինշշշ կա՞» բարոյահոգեբանական բնութագրով փոխարինելու իրենց հայրիկներին՝ իշխանական բուրգի գագաթում, և վայ մեզ այդ ժամանակ, որովհետև սրանք որ եկան, մենք իրանց պապաներին երանությամբ ենք հիշելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել