Քշվածները. Դատավորի ներքին համոզումն ու մանկատան նախկին սաների խեղված ճակատագրերըԺողովուրդ, ազմուկ է պետք բարձրացնել այս դեպքի շուրջ:

Վանաձորի մանկատան շրջանավարտներ Թագուհի Քոչարյանն ու Ռոման Կուդաշինը մանկատնից դուրս գալուց հետո ամուսնացել են, բայց միասին մի քանի տարի են հասցրել ապրել. Ռոմանն այժմ գողություն կատարելու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման ու հետախուզման մեջ է, իսկ Թագուհին ճանապարհներ է փնտրում ապացուցելու, որ իր ամուսինը ոչ մի հանցանք չի կատարել:

26-ամյա Թագուհին բոլոր դատական ատյաններին փորձել է ցույց տալ, համոզել, խնդրել, որ ապացույցներ չկան իր ամուսնու դեմ, ինչո՞ւ են դատում նրան, ինչո՞ւ են իրենց նորաստեղծ ընտանիքը քանդում: «Ախր գոնե ապացույց լինի, ախր ոչ մի բան չկա նրա դեմ, ոչ մի բան չկա, կարո՞ղ ա մի հատ էլ դատավորն առանց դիակի ինձ դատի սպանության համար: Ուղղակի ուզում եմ հասկանամ, թե իրանք մեզնից ի՞նչ են ուզում: Երեխա եմ կորցրել իմ ապրումների պատճառով, ինձ բժիշկն ասել էր՝ պետք է պառկես, բայց չէի կարում. անընդհատ Ռոմանին կանչում էին ոստիկանություն, լարված վիճակում էի, չէի կարողանում», -լացակումած պատմում է Թագուհին:

24-ամյա Ռոմանը, ով ազգությամբ ռուս է և վաղ հասակում կորցրել է ծնողներին, մանկատնից դուրս գալուց հետո աշխատել է Վանաձորի ՀԷՑ-ում որպես մոնտյոր, ու իրենց աշխատավարձով, ինչպես Թագուհին է պատմում, կարողացել են նորմալ ապրել: Վանաձորում ապրում են վարձակալած բնակարանում, մինչև պետությունը նրանց բնակարան կհատկացնի: Թագուհին ասում է, որ իրենց պահանջները քիչ են եղել, իսկ ընտանիք մտնող գումարը բավարարել է իրենց, ու նորմալ ապրել են, հետևաբար գողություն կատարելու մասին մտքներով անգամ չի անցել: 

Վանաձորի մանկատնից 2011-ի հունիսին գողացված երաժշտական կենտրոնը դառնում է պատուհաս այս նորաստեղծ ընտանիքի գլխին: Ըստ նախաքննության տվյալների և այնուհետև` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանի 2012-ի հուլիսի 13-ին կայացրած վճռով Ռոման Կուդաշինը մանկատան մյուս սաներից մեկի` Արթուր Կիրակոսյանի ու Վանաձորի բնակիչ Տարոն Մելիքջանյանի հետ միասին մուտք են գործել մանկատուն և գողացել մանկատան երաժշտական կենտրոնը: 

«Դատարանը ներքին համոզմամբ ապացուցված է համարում, որ ամբաստանյալ Արթուր Կիրակոսյանը 2011-ի հունիս ամսին, ժամը 23-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով Տարոն Մելիքջանյանի և Ռոման Կուդաշինի հետ, դարպասի վրայով ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի ՔՇՀ 4 հասցեում գտնվող «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տարածք, որտեղ Տարոն Մելիքջանյանը սպասել է հիշյալ ՊՈԱԿ-ի երկրորդ հարկում գտնվող հյուրասենյակի պատշգամբում, Ռոման Կուդաշինը սպասել է պատշգամբ տանող աստիճանների մոտ, իսկ Արթուր Կիրակոսյանը պատուհանը հրելու և բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել հյուրասենյակ, պատուհանից Տարոն Մելիքջանյանին փոխանցել հյուրասենյակում գտնվող «Սոնի» մակնիշի երաժշտական կենտրոնը և ձայնարկիչը` իրենց 6 բարձրախոսներով, որոնք վերջինս տեղափոխել է աստիճանների մոտ, ապա Արթուր Կիրակոսյանը Տարոն Մելիքջանյանի և Ռոման Կուդաշինի հետ միասին դուրս է բերել մանկատան տարածքից` գաղտնի հափշտակելով ընդհանուր զգալի չափ համարվող` 150.000 ՀՀ դրամ արժողության «Սոնի» մակնիշի երաժշտական կենտրոնը և ձայնարկիչը` իրենց բարձրախոսներով», -նշվում է ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարությունյանի վճռի մեջ: Արթուրն ու Տարոնը դատապարտվել են հինգ տարի ազատազրկման, իսկ Ռոմանը` 4: 

Եվ նախաքննության, և դատաքննության ժամանակ չի պարզվել, թե հատկապես որ օրն է կատարվել գողությունը: «Գրել են, թե գողությունը հունիս ամսին ա եղել, բայց ոչ մի օր չեն նշել: Եթե օր նշեին, գուցե մենք ասեինք, թե որտեղ, ինչ ենք արել այդ օրը», -ասում է Թագուհին: Բացի այդ, Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը որևէ բողոք չունի. Նա այդպես պնդել է և դատարանում, և Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում: «Նրանք մեր շրջանավարտներն են, ինչպես կարող եմ ես նրանցից նյութական որևէ պահանջ ունենալ: Կուդաշինն ասում է, որ ինքը չի գողացել», -ասաց Արշալույս Հարությունյանը` նկատելով, որ չի կարող գնահատել դատական ակտը, քանի որ դա իրավապահների գործն է:

Թագուհու պատմելով՝ ոստիկանությունում ամուսնու նկատմամբ ճնշում են գործադրել, նույնիսկ խփել են` ստիպելով գողության մեղքը վերցնել իր վրա, սակայն Ռոմանը իր բացատրության մեջ գրել է, որ ինքը ներկա չի եղել գողության պահին: Իսկ նրա ընկերը` Արթուրը Կիրակոսյանը, մի քանի անգամ փոխել է իր նախաքննական ցուցմունքները, որոնցից մեկում ասել է, որ Ռոմանի հետ է եղել գողության պահին, սակայն հետո արդեն մյուս ցուցմունքների ժամանակ ու դատաքննության ընթացքում հայտարարել է, որ Ռոմանը գողության ժամանակ դեպքի վայրում չի եղել: Թագուհին նաև հիշում է, թե ինչպես 5-6 ոստիկան եկան-լցվեցին տուն ու Ռոմանին հարկադրաբար տարան ոստիկանություն: «Հետո թղթերում գրեցին, թե հրավիրել են, բայց ոչ էլ հրավիրել են, ստիպողաբար տարել են ոստիկանություն, մեկ օր առանց հացի պահել են ու անգամ իրավաբան չեն թույլ տվել, որ կանչի», -ասում է Թագուհին ու շարունակում.

«Արթուրիկը դատարանում կանգնեց ասավ, թե գողության ժամանակ ոչ Ռոմանն է հետս եղել, ոչ էլ Տարոնը: Մինչև դատավճիռը երեքն էլ նամակ էին ուղարկել դատավորին` խնդրելով իրենց նախաքննական ցուցմունքը հաշվի չառնել, քանի որ իրենք ցուցմունք տվել են ճնշման արդյունքում: Ռոմանն ասում ա՝ ինքը չի արել, խի՞ գնա ուրիշի տեղը նստի: Թող ապացուցեն, որ ինքը մեղավոր ա, ինչի՞ անմեղ տեղը գնա նստի»:

Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկել են Վերաքննիչ դատարան, սակայն այստեղ, ինչպես Թագուհին փոխանցեց, դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ «կես ժամանոց նիստում» որոշվել է մերժել բողոքը: «Մի բան ասեմ, չեք հավատա` դատի ժամանակ սուրճ էին խմում: Կես ժամում որոշեցին, որ վճիռը թողում են նույնը` առանց լսելու: Արթուրիկը Եվա Դարբինյանին կանգնեց, ասեց` ես հիմի գնում եմ իմ արածի համար էլ, չարածի համար էլ դատվեմ, գոնե էս մարդուն չարածի համար մի դատեք», -պատմում է Թագուհին:

Վերջին հույսը մանկատան նախկին սաները կապել են Վճռաբեկ դատարանի հետ, սակայն այստեղ էլ հրաժարվել են վարույթ վերցնել գործը: Վճռաբեկ դատարանից հետո պատասխան է եկել, որտեղ նշված է հետևյալը. «Այս քրեական գործը կրկին կարող է քննության առարկա դառնալ նոր երևան եկած հանգամանքների հիմքով համապատասխան բողոք ներկայացնելու դեպքում»:

Թագուհին նամակ է գրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղից պատասխանել են, թե Հայաստանի «դատարաններն անկախ են», նամակ է գրել Մարդու իրավունքների պաշտպանին, այստեղից էլ ասել են, թե իրենք միայն իրավունքների հետ կապված հարցերով են զբաղվում և դատական գործերին չեն կարող միջամտել: 15 օր առաջ անգամ նամակ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով լուծում տալ ազգությամբ ռուս իր ամուսնու խնդրին: Սակայն դեռ պատասխան չկա: Պատասխանի հույս էլ չունի: Երիտասարդ կնոջ միակ հույսը լրատվամիջոցներով իր խնդիրը բարձրաձայնելն է: «Գուցե դատավորը պատժվի, գուցե վերանայեն իրենց որոշումները, մի բան թող լինի էլի, ախր Ռոմանն անմեղ ա է», -հուսահատ նշում է Թագուհին:

Նշենք, որ «Քրեական դատավարության մասին օրենսգրքի» 40-րդ հոդվածը, որը սահմանում է դատավորների անկախությունը, ամրագրում է հետևյալը. «Դատավորները քրեական գործերը և նյութերը լուծում են իրենց ներքին համոզմամբ` ներկայացված ապացույցների պատշաճ հետազոտման հիման վրա: Դատավորները կաշկանդված չեն գործի մինչդատական վարույթում արված եզրահանգումներով»:

Այսինքն` դատավորը կարող էր այս օրենքից օգտվել 
1.պատճաշ ապացույցների մասով
2.մինչդատական ճնշումների մասով:
Եվ այն, որ հաշվի առնելով այն, որ օրենքները հումանիզացվելու միտում ունեն, պետք է որ առանց ապացույց իրավիճակում ու վկայությունների նման դասավորման պարագայում վճիռը կայացվեր հօգուտ անմեղության կանխավարկածի:
http://panorama.am/am/law/2013/06/11/vanadzor-court-citizens/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել