«Շանթ» հեռուստաընկերության «քցելու» սովորությունները բազմիցս ենք հնարավորություն ունեցել բացահայտելու: Վերոնշյալ հեռուստաընկերությունը սիրում է աշխատեցնել բոլորին` սկսած ռեժիսորներից, մոնտաժողներից, օպերատորներից, նույնիսկ հեռուստաընկերության համար փողաբեր սերիալների դերասաններից, որոնց անվարձահատույց թողնելով, ընդհուպ բանը հասցրել են մինչեւ դիվան բաշուն: «Շանթի» «քցելու» սովորությունը ի հայտ եկավ տարիներ առաջ «32 ատամ» ակումբի բարձրացրած աղմուկից հետո, երբ տղաները երկար ժամանակ իրենց աշխատանքի դիմաց չվարձատրվելու համար դիմեցին դատարան: Չնայած` փոխհամաձայնության գալով, հարցը ամիսներ անց լուծում գտավ: Էլ չենք խոսում այդ հեռուստաընկերության տարբեր երաժշտական նախագծերի մասին, որտեղ sms լցոնումների ու խարդախությունների արդյունքում հաճախ են պատմությունների մեջ ընկնում՝ հայտնվելով ե՛ւ հանրության, ե՛ւ դատական ատյանների հետաքրքրության կիզակետում: Դրա վառ ապացույցը «Հայ սուպերսթար» 1-ին նախագծում Միհրան Ծառուկյանի անվան շուրջ պտտվող sms-լցոնումներն էին, իսկ ավելի թարմ տարբերակն էլ ամիսներ առաջ ավարտված «Ժողովրդական երգիչ» նախագիծն է, որի թիրախում այս անգամ հայտնվեց նախագծի մասնակից երգիչ Մավրը, ով պարզապես խզեց պայմանագիրն ու հեռացավ «Շանթից»:
Իսկ հեռուստաընկերության սերիալներում նկարահանվող գլխավոր հերոսներին մարմնավորող դերասանները կա՛մ կեսից հանկարծակի մահանում են` «վերակենդանանալով» այլ հեռուստաընկերությունների սերիալներում, կա՛մ էլ պատահական որոշմամբ մեկնում արտասահման: Իսկ էպիզոդիկ դերեր կերտած դերասաններին էլ ռուսի «պոսլի զավտրա» սկզբունքով են վճարում: Ու բազմաթիվ ապացույցների համաձայն՝ առավել «պնդաճակատներին» հաջողվում է «պոկել» աշխատանքի դիմաց խոստացված գումարը, իսկ մնացածներն այդպես էլ մնում են խոստացված գումարին ու զանգին սպասող:
Օրեր առաջ էլ «Շանթի» ծուղակում հայտնված դերասաններից մեկը` ԳՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ով «Շանթի» «Անծանոթը» հեռուստասերիալի գլխավոր դերակատաներից էր` մարմնավորում էր Վահանի կերպարը, հարցազրույցներից մեկում բացահայտել է իր՝ սերիալում անսպասելի մահվան պատճառը. «Ընդհարում եմ ունեցել «Շանթ» հեռուստաընկերության աշխատակազմի անդամների հետ եւ, հավանաբար, նրանց հետ էլ երբեք չաշխատեմ, քանի դեռ այդ ընկերության ղեկավարությունում կան մարդիկ, ում հետ աշխատելը տհաճ է ինձ` թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ մարդկային առումով: Եվ հենց այդ ընդհարումն էր պատճառը, որ մեր համագործակցությունը դադարեցվեց, եւ այդքան հանկարծակի մահացավ Վահանը: Այդ հերոսը մահացավ, որովհետեւ ես չեմ գնացել նկարահանման, ինձ էլ չեն կանչել, ու հիմա «Շանթի» հետ դատական գործընթաց ենք ծավալել իրար դեմ»:
Տեսնենք, թե այս դատական պրոցեսն ինչպիսի ընթացք կունենա, ու «Շանթն» ինչպես կմարսի այս ոսկորը: Բայց այն, որ սերիալներում դերասանների «անժամանակ մահերը» բոլորովին էլ սցենարիստի վառ երեւակայության արդյունքը չեն, այլ հեռուստաընկերությունը այդպես է հաշվեհարդար տեսնում իրենց իրավունքներն ու գումարները պահանջող դերասաններից, քիչ-քիչ, կարծես, ակնհայտ է դառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել