![](/static/news/b/2013/06/59388.jpg)
Արևիկ Ալավերդյանն ամուսնությունից կարճ ժամանակ անց տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ և բնակվում էր նրա ամուսինը: Երգչուհու համար բավական երկար ժամանակ պահանջվեց հարմարվելու համար:
«Ես վերջերս եմ տեղափոխվել Փարիզ, դեռ փորձում եմ հարմարվել, ինչը, կարծում եմ, շատ երկար ժամանակ է պահանջում: Ինքս շատ եմ սիրում Երևանը և իմ վարած բուռն կյանքը, որ ունեի: Այստեղ շատ բան ուրիշ է ինձ համար, օտար, բայց միևնույն ժամանակ` անսահման գեղեցիկ: Մի քանի ամիս լեզվի դասընթացների էի հաճախում, դադար վերցրի, քանի որ պետք է վերադառնամ Երևան: Ամբողջ ամառ կմնամ Երևանում, որպեսզի ինչ-որ չափով կարոտս հասցնեմ առնել»,-ArmStar.am-ի հետ զրույցում ասաց Արևիկը:
Հետաքրքիր է, Հայաստանից մեր աստղերը Ֆրանսիա են գնում հանգստանալու, իսկ Արևիկը ամռանը պատրաստվում է այստեղ հանգստանալ: Ի դեպ, երգչուհին այս ամբողջ ընթացքում Ֆրանսիայում ևս «հանգստանում էր», քանի որ երկար ժամանակ է, ինչ չի զբաղվում իր կարիերայով: «Այստեղ չեմ զբաղվում իմ աշխատանքով, երկար ժամանակ է, ինչ դադար եմ տվել, մտքեր կան՝ ինչ-որ գեղեցիկ բան ներկայացնելու, բայց դեռ չգիտեմ՝ երբ կլինի: Չեմ ասում, որ սկսելու եմ նորից զբաղվել երգարվեստով, այլ ժամանակ առ ժամանակ կցանկանամ որևէ գեղեցիկ և բնականաբար որակով բան մատուցել հանդիսատեսին»,-ավելացրեց երգչուհի Արևիկ Ալավերդյանը:
Նրա խոսքերից կարելի է դատել, որ իր աշխատանքը, ինչպես շատ երգչուհիների մոտ է, իր համար գումար վաստակելու միջոց չի լինելու, այլ պարզապես սիրված զբաղմունք, որը նաև մոռանալ չի տա Արևիկ Ալավերդյան անուն-ազգանունը: Ի դեպ, ArmStar.am-ը ճշտեց նաև, որ երգչուհին միայնակ է գալու հայրենիք: «Այս անգամ մենակ եմ գալու, քանի որ ամուսինս աշխատանքի պատճառով չի կարող բացակայել»: Այս ամիս Արևիկը արդեն Հայաստանում կլինի:
Ինչ վերաբերում է Արևիկի ամուսնական կյանքին, ապա երգչուհին պատմեց, որ առայժմ նորություններ չունեն և չեն սպասում. «Առհասարակ սիրում եմ պլանավորել ապագաս, բայց կոնկրետ ժամկետ չեմ պլանավորում երեխայի համար, առայժմ կսպասենք, հետո պարզ կլինի…»,-ավելացրեց Արևիկը:
Զրուցեց Աշխեն Մնացականյանը/ArmStar.am/
Լուսանկարները` Արևիկ Ալավերդյանի անձնական արխիվից