
Ինչ անկախացել ենք, Հայաստանի Հանրապետության չինովնիկական ապարատը հա էլ աչքի է ընկել հնարավորինս շատ ու հնարավորինս շուտ պետական միջոցները թալանելու անհագ ցանկությամբ... ու թալանել են... Բայց այն, ինչ կատարվում է հիմա, տարբերվում է այն ամենից, ինչ եղել է մինչ այս: Չէ, ավելի էլեգանտ ձևեր չեն հայտնաբերել թալանի, կասկածում եմ, որ ծավալներն էլ էապես չեն փոխվել... Փոխվել է գաղտնիություն պահելու կամ գոնե ի ցույց չդնելու բնազդային հակումը, իսկ եթե ավելի կոնկրետ, ապա ոչ թե փոխվել է, այլ ասես վերացել է:
Հատկապես վերջին շրջանում, տարբեր տրամաչափի պետական այրեր ու պետական հաստատություններ առանց ամաչելու ու առանց թաքցնելու հայտարարագրում են իրենց ունեցվածքները, ինչպես նաև պետական միջոցների տնօրինման խայտառակ ատկատային մեխանիզմներ:
Օրինակ՝ նման մի մեխանիզմ բնութագրել է «Հայկական ժամանակը»՝ ԱԺ-ի վերաբերյալ: Մեջբերում եմ այդ հատվածը.
«Ուսումնասիրենք ավիատոմսերի մի քանի պատվեր՝ ԱԺ-ից։ Այսպես, մայիսի 20-30-ը ԱԺ պատգամավորներից մեկի՝ Երեւանից Տալին, այնտեղից Բրյուսել մեկնելու եւ Երեւան վերադառնալու ավիատոմսն արժեցել է 1 մլն 133 հազար դրամ։ Մայիսի 27-30-ը տեղի ունեցած Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթի 1 տոմսը ԱԺ աշխատակազմը գնել է 306 հազար դրամով, այնինչ նույն տոմսի իրական արժեքն է մոտ 210 հազար դրամ։ Եվ, եթե հաշվի առնենք, որ այդ օրը ԱԺ-ից ՌԴ է գործուղվել 11 ներկայացուցիչ, ստացվում է, որ անհարկի շռայլվել է ավելի քան 1 մլն դրամ...
ԱԺ-ում շռայլ են ոչ միայն ավիատոմսերի հարցում։ 2013թ. համար ԱԺ-ն «Մաքսհուր» ՍՊԸ-ի հետ կնքվել է պայմանագիր՝ 48 հազար լիտր պրեմիում եւ 324 հազար լիտր ռեգուլյար բենզին, 6000 լիտր դիզվառելիք գնելու մասին։ Սրա ընդհանուր արժեքը կազմում է 168 մլն 360 հազ. դրամ կամ 408 հազ. 650 ԱՄՆ դոլար։ Ստացվում է, որ մեկ օրվա մեջ ԱԺ աշխատակազմը ծախսում է 1100 ԱՄՆ դոլարի վառելիք...»
Հրավիրեմ ձեր ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ սա ընդամենը մեկ պետական հիմնարկի ծախսերի ընդամենը երկու դրվագ է, որոնք, կրկնում եմ, ոչ ոք միտք էլ չունի թաքցնի... Դե հիմա պատկերացրեք, թե քանի պետական հիմնարկներ, քանի մանր ու միջին ծախս են անում, ու ինչ փողեր են ատկատվում...
Ուրիշ բան չեմ ասում, բավական է, որպեսզի ԳՈՆԵ բյուջեի փողերը չուտեն, և մեր կենսամակարդակը մի երկու անգամ կբարձրանա, անկախ նրանից, թե ինչքան կբարձրացնեն գազի գները: