Կրկնվելու եմ այս պատմությամբ, քանի որ այս կարողությունը համարում եմ իմ ձեռքբերումներից մեկը, ու դեռ հույս ունեմ կրկին անդրադառնալ նրան...
Թե ինչու մաման որոշեց, որ ես պետք է դաշնամուր նվագել սովորեմ, արդեն պատմել եմ:
Հետևաբար նա տարավ ինձ ծանոթ ուսուցչուհու մոտ` ստուգելու երաժշտական լսողությունս:
Ընկեր Բաբայանը մեզ առաջնորդեց դեպի հյուրասենյակ, և այն տեսարանը, որ բացվեց հյուրասենյակում, գերազանցեց մանկական երևակայությունս:
Հյուրասենյակի ծայրում թեքությամբ դրված էր սև ռոյալ, որի ետևում մեծ պատուհան էր` առաստաղից մինչև հատակ: Ռոյալի կողքին մարմարապատ բուխարին էր, իսկ նրա վերևում և պատերին ամենուր նկարներ` բնապատկերներ, դիմանկարներ, նատյուրմորտներ:
Միջավայրն ապշեցրեց, բայց մանկական ուղեղս սևեռվեց այն գաղափարի վրա, որ եթե ես էլ դաշնամուր նվագել սովորեմ, երաժշտության ուսուցչուհի դառնամ, ես էլ կունենամ ռոյալ` դրված շատ մեծ պատուհանի դիմաց:
Եվ այն դարձավ մանկությունից եկած երազանքներիցս մեկը, որը դեռ ես տանում եմ ինձ հետ......
Երաժշտական դպրոց ես ընդունվեցի: Բայց առաջին դասարանի վերջում արդեն սպառվեց հետաքրքրությունս նոտաների հանդեպ:
Ոչ մի կերպ չէի հարմարվում այն մտքի հետ, որ երաժշտությունը կարող է բաղկացած լինել նոտաներից, ձանձրալի տակտերից, այն մի տեսակ ջնջում էր երաժշտության հմայքը, դարձնում մաթեմատիկական խնդիր, տառերից կազմված նախադասություն: Սոլֆեջիոն վերջնականապես վերացրեց երաժշտական դպրոց գնալու ցանկությունս:
Իսկ քննություն տալու վախը հետապնդեց ինձ մինչև ուսանողություն, երբ վաղուց ավարտել էի երաժշտական դպրոցը, սակայն երազումս այդ մղձավանջը անընդհատ շարունակվում էր:
Մամայի խստությունն ինձ ստիպեց ավարտել երաժշտական դպրոցը: Բայց այդ 7 տարին ինձ տվել է անփոխարինելի հիշողություններ՝ կապված մանկության ընկերուհի Հասոյի հետ: Նա նույնպես սովորում էր երաժշտական դպրոցում, նրա հետ ես գնում էի Վեդի շաբաթական երեք անգամ, կիսում էի քննությունների ու սոլֆեջիոյի անհանգստություններս նրա հետ, ճանապարհների բոլոր ծառերից ցոգոլի ու սալորի գողություն էիք անում միասին, երգում էինք դպրոցի երգչախմբում, մասնակցում համերգների, միասին ծիծաղում երաժշտական դպրոցի տնօրենի՝ մեզ ուղղված վիրավորանքների վրա:
Ավարտելուց հետո միայն դաշնամուր նվագելը դարձավ գերագույն հաճույք: Մի քանի տարի շարունակ դաշնամուրներս իմ ստեղծագործական աշխարհն էին, նրանցով ես լցրել եմ օրերս, անհոգ երեկոներս, և դեռ երկար այդպես կշարունակվեր, եթե չամուսնանայի:
Արդեն 15 տարի է, որ ես դաշնամուր չեմ նվագում: Լինում են րոպեներ, երբ ես նստում, տնգտնգացում եմ, երբ ուզում եմ ստանալ այն հաճույքը, որ երբևէ եղել է, սակայն միջավայրը չի տրամադրում: Բայց ես դեռ գիտեմ, որ դաշնամուրի նկատմամբ կախվածությունս վերականգնվելու է մի օր, ու ես ինձանից կախված ամեն ինչ անելու եմ դրա իրականացման համար... Ես դեռ սպասում եմ կյանքիս Չորրորդ դաշնամուրին.........

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել